Հայաստանից Ռուսաստան և Բելառուս կոնյակ և կոնյակի սպիրտ արտահանողները կրկին հավաքվել էին Վրաստանի դեսպանատան մոտ՝ նշելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար ՝ պնդելով, որ լաբորատոր ստուգումներ պետք է իրականացվեն հենց Վրաստանում։
Հայաստանի գործատուների հանրապետական միության ղեկավար Գագիկ Մակարյանը ընդգծել է, որ սա տնտեսական տեռոր է Հայաստանի կոնյակագործության հանդեպ, գրում է Aysor.am-ը։
Մակարյանն ասել է, որ Վրաստանում վերցնում են արտահանողների փաստաթղթերը, ուսումնասիրում, տեսնում են կոմերցիոն գաղտնիքներ՝ ռուսական որ ընկերությանն է վաճառվում, ինչ գնով, ինչպիսի բաղադրություն ունի տվյալ կոնյակը։
«Ենթադրում եմ՝ այդ տվյալները փոխանցելու են իրենց կոնյակագործներին, փորձելու են այս շուկան խափանելով՝ իրենք աստիճանաբար գրավել»,-ասել է նա։
Նա նշել է, որ Վրաստանը 4 բրենդով կոնյակներ է արտադրում, Ադրբեջանն էլ ունի կոնյակ, թեև որակով զիջում են, տարբերվում են, բայց չի բացառվում, որ Ադրբեջանը Վրաստանի միջոցով գրոհում Է հայկական կոնյակագործության, խաղողագործության վրա։
«Վաղը, մյուս օրը խաղողը պետք է մթերվի, պատկերացրեք՝ եթե չմթերվի, ինչ դժգոհություն կլինի գյուղացիների կողմից, դա կարող է բերել կոնֆլիկտի կոնյակ, գինի արտադրողների, խաղող մշակողների միջև»,- ասել է Մակարյանը։
Նա կարծիք է հայտնել, որ Վրաստանի դեսպանությունը ոչինչ չի անի։
«Բայց մեր պետական մարմինները չպետք է լռեն, պետք է կտրուկ լինեն։ Ենթադրում են՝ որտեղից է հարվածը գալիս, բայց հավանաբար, չեն ուզում դա քաղաքական մակարդակով ներկայացնել»,-ասել է նա։
Հայաստանից Ռուսաստան և Բելառուս կոնյակ և կոնյակի սպիրտ արտահանողները նշում են, որ մայիսի 13–ին կայացած իրենց վերջին ակցիայից հետո փոփոխություն չկա, և մեքենաները շարունակում են շաբաթներով կանգնած մնալ անցակետում, հայտնում է Sputnik Արմենիան։
«20 տարի է` այս գործն ենք անում, առաջին անգամ ենք սենց բեսպրեդելի հանդիպում։ Ակնկալում ենք, որ այդ հարցը պետք է լուծի վրացական կողմը»,– ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրանք կրկին հանդիպում են պահանջում Հայաստանում Վրաստանի դեսպանի հետ, քանի որ նախորդ հանդիպումից հետո ակնկալվող արդյունքը չեն տեսնում։
Ըստ ակցիայի մասնակիցների` կան գործարարներ, որոնք շարունակում են առանց որևիցե խոչընդոտի անցնել վրացական սահմանը ու իրենց բեռները տանել դեպի ՌԴ ու Բելառուս։
Նրանք վստահ են, որ իրենց խնդիրը ոչ թե քաղաքական է, այլ տնտեսական։ Սակայն եթե դեսպանատան մոտ ակցիան օգուտ չտա, իրենք ակցիա կանեն նաև կառավարության մոտ։