Ռուսաստանի նախագահի խորհրդական Անտոն Կոբյակովը, ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում, հայտարարել է, թե «Խորհրդային Միությունը իրավաբանորեն մինչ օրս գոյություն ունի»։
Նրա խոսքով՝ քանի որ ԽՍՀՄ-ը ստեղծվել է 1922 թվականին՝ Ժողովրդական պատգամավորների համագումարի որոշմամբ, ապա միայն այդ մարմինը կարող էր օրինական կերպով լուծարել այն։ Քանի որ գործընթացը խախտվել է, ապա, ըստ նրա, և ԽՍՀՄ-ը շարունակում է իրավական գոյությունը։ Դրա հիման վրա նա Ուկրաինայի հետ պատերազմն անվանել է «ներքին գործընթաց»,-գրում է Thenis.ru-ն։
Նա հավելել է, որ ֆորումում արդեն քննարկվում է այս իրավական խնդիրը՝ «սահմանադրական իրավունքի տեսանկյունից պատշաճ գնահատում տալու համար»։
ԽՍՀՄ-ի շարունակվող գոյության տեսությունը համարվում է լայն տարածում ունեցող դավադրապաշտական գաղափար, որի շուրջ ձևավորվել են «ԽՍՀՄ-ի քաղաքացիներ» անունով մի քանի խմբեր։ Նրանք հրաժարվում են օգտագործել ռուսական անձնագրեր, ծառայել բանակում և վճարել կոմունալ ծառայությունների համար։
2022 թվականին Ռուսաստանի արդարադատության նախարարությունը՝ Սամարայի մարզային դատարանի որոշմամբ, այդ շարժումը ներառել է ծայրահեղական կազմակերպությունների ցուցակում։ Նույն թվականին խմբի առաջնորդ Սերգեյ Տարասկինը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման՝ ծայրահեղական կազմակերպություն ստեղծելու մեղադրանքով։ Նմանատիպ դատավճիռներ արձանագրվել են նաև այլ շրջաններում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ափսոսանք է հայտնել ԽՍՀՄ-ի փլուզման և դրա հանգամանքների վերաբերյալ։ Մասնավորապես, դեռևս 2005 թվականին նա այդ իրադարձությունը անվանել է «քսաներորդ դարի խոշորագույն աշխարհաքաղաքական աղետ» և պնդել է, որ Բելովեժյան համաձայնագրերը հակասել են ԽՍՀՄ Սահմանադրությանը։
Անտոն Կոբյակովը երկար տարիներ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել պետական համակարգում։ 2005-2012 թվականներին նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել նախագահի ադմինիստրացիայում, 2012-ից 2014 թվականներին գլխավորել է այն, իսկ 2014 թվականից ի վեր աշխատում է որպես նախագահի խորհրդական։