Մայիսի 21-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հյուրընկալել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին։
Հանդիպման ժամանակ Ազիզ Նասիրզադեն վերահաստատել է Իրանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և տարածաշրջանի երկրների ինքնիշխանությանը՝ միաժամանակ ընդգծելով Իրանի անհամաձայնությունը միջազգային ճանաչված սահմանների ցանկացած վերանայման հանդեպ։
Գրիգորյանը ողջունել է Նասիրզադեի այցը Հայաստան՝ ընդգծելով, որ ակտիվացած փոխայցելությունները կարևոր դեր ունեն հայ-իրանական բարեկամական հարաբերությունների շարունակական խորացման ու ամրապնդման գործում։
Իրանի նախարարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վստահեցնելով, որ երկու երկրների համագործակցությունը վերստին դինամիկ զարգացում է ապրում։
Նասիրզադեն ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ տարածքային ամբողջականության և տարածաշրջանային սահմանների կայունության պահպանումը Իրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից մեկն է։