21 մայիսի 2025 - 18:19 AMT
Նախարար․ 2-ամյա երեխայի որոնումները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարականով՝ Մարմարիկում 2-ամյա երեխայի որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի։

Նախարարն ասել է, որ ահազանգը ստանալուն պես փրկարարներն ու ոստիկանները գործի են անցել՝ սկսելով համապատասխան գործողությունները, հայտնում է Արմենպրեսը։

«Մենք երկու ուղղությամբ ենք պատկերացրել աշխատանքը՝ հաշվի առնելով փոքրիկի տարիքը: Այս տրամաբանության մեջ կարող էին լինել մի շարք վարկածներ: Փրկարար ծառայությունը սկսել է որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը: Մինչ այս պահը աշխատանքներում ներգրավված է եղել մոտ 1240 փրկարար և շարունակում է ներգրավված լինել»,-ասաց Սարգսյանը։

Ոստիկանության տեսանկյունից դեպքն դիտարկվել է որպես հնարավոր հանցագործություն։ Սարգսյանը նշել է, որ բոլոր վարկածները մանրամասնությամբ ուսումնասիրվել են՝ ներառյալ երեխայի՝ գետն ընկնելու և նաև հանցավոր բնույթի այլ հնարավոր տարբերակները, ինչպես առևանգումը։

«Այս պահի դրությամբ շարունակում է հիմնական համարվել գետն ընկնելու վարկածը: Բնականաբար, սա չի նշանակում այլ վարկածներով չզբաղվել: Անգամ ամենափոքր, աննշան տեղեկատվությունը, որը մեզ կարող է թույլ տալ մտածել, որ, միգուցե, այլ վարկած ևս կա, որը կենսական է, ուսումնասիրում ենք: Եվ, ըստ այդմ, բոլոր վարկածները պարբերաբար վերանայվում են և դառնում են նոր քննության առարկա»,-ասել է նախարարը։

Տարածքը ուսումնասիրել են նաև անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։ Սարգսյանը հայտնել է, որ դրական արդյունքներ դեռևս չեն արձանագրվել։ Նա հավելել է, որ օգտագործվել են արբանյակային պատկերներ, այդ թվում՝ բարձր լուծաչափով, որոնք կարող էին պարունակել օգտակար տվյալներ, սակայն առայժմ այդ ուղղությամբ ևս որևէ դրական տեղեկություն չի հայտնաբերվել։ Աշխատանքները շարունակվում են։

«Որպես կանոն՝ որոնողափրկարարական աշխատանքները 10 օր են տևում, սակայն այս դեպքով իմ հանձնարարականով շարունակելու ենք որոնողափրկարարական աշխատանքներն իրականացնել այնքան, քանի դեռ որևէ նորություն չունենանք դեպքի առնչությամբ»,-հավաստիացրել է նախարարը։

ՀՀ քննչական կոմիտեն մայիսի 6-ին տեղեկացրել է, որ մայիսի 4-ից անհետացած 2-ամյա երեխայի դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, որը վերաբերում է սպանությանը։