ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, որ Սարգսյանը 2018թ. ասել է, թե «ամեն ինչ կոնտրոլի տակ է», լրագրողների հետ զրույցում նշել է, որ ինքը նման բառապաշար չունի։
«Կոնտրոլի տակ». ես այդպիսի բառապաշար չունեմ»,–ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։
Նա հավելել է, որ երևի հանրության համար էր Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը։
«Ես հակված չեմ անձնական խոսակցությունները, զրույցները հրապարակայնացնել։ Զանգ եղել է, բայց դրանից առաջ էլ է զանգ եղել, դրանից առաջ էլ է թեմա եղել։ 10-15 տարի է՝ հետևում եք՝ երբևէ լսե՞լ եք ինձնից այդպիսի բառ՝ «կոնտրոլի տակ»»,- ասել է Սարգսյանը։
Երբ նրան հարցրել են՝ արդյոք 2018 թվականին ԱԱԾ-ն կամ որևէ այլ պետական կառույց իրեն տեղեկացրել է երկրում առկա լարված իրավիճակի մասին, Սարգսյանը որևէ հստակ պատասխան չի տվել։ Նա նշել է, որ նման հարցերի պատասխաններն արդեն իսկ կարելի է գտնել իր հարցազրույցներում և հավելել է, որ նման հարցերին մեկ անգամ էլ կպատասխանի՝ ուղիղ եթերում, որտեղ հանրությունն իր հարցերը կկարողանա ուղղել իրեն։
Քոչարյանը հարցազրույցում ասել է․ «2018 թ․ ապրիլին ես զանգել եմ երրորդ նախագահին, հարցրել՝ ինչպե՞ս է գնահատում իրավիճակը, որովհետև սա ձնագնդի պես աճում է, խնդիր է դառնալու, վերահսկողությունը կորցնելու եք։ Սերժ Սարգսյանը շատ հանգիստ ասաց, որ խնդիր չկա, ամեն ինչ կոնտրոլի տակ է։ Մի քանի օր հետո հրաժարական տվեց։ Ենթադրում եմ, որ իրավիճակի սխալ գնահատում է եղել»։