30 մայիսի 2009 - 22:44 AMT
Կասեցվել է մարտի 1-ի իրադարձությունների գծով փաստահավաք խմբի գործունեությունը
Այսօր Հայ ազգային կոնգրեսն ու «Ժառանգություն» կուսակցությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ մարտի 1-ի իրադարձությունների գծով փաստահավաք խմբի գործունեությունն անհապաղ վերականգնելու վերաբերյալ

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ չնայած բազմաթիվ խոչնդոտների, «Փաստահավաք խումբը շուրջ 6 ամիս արդյունավետ աշխատեց եւ 2009 թ. ապրիլին ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին ներկայացրեց իր աշխատանքի առաջին ամփոփ արդյունքներից մեկը՝ ոստիկանության զոհված սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների հետ կապված զեկույցը: Զեկույցից ակնհայտ է, որ սպան զոհվել է ոչ ցուցարարների մեղքով, ինչով մերժվեց այն վարկածը, որ ի սկզբանե պնդում էին իշխանությունները: Եզրափակման փուլում են գտնվում մյուս սպանությունների հանգամանքների մասին զեկույցները:

Դրանից անմիջապես հետո՝ մայիսի 4-ից անակնկալ արձակուրդ գնաց /ինչը նախատեսված չէ կարգադրությամբ/ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Վահե Ստեփանյանը, ով միաժամանակ նաեւ Փաստահավաք խմբի ղեկավարն էր: Ավելին՝ նրա եւ Փաստահավաք խմբում կոլաիցիայի երկու ներկայացուցիչների կողմից որոշում ընդունվեց խմբի աշխատանքների ժամանակավոր կասեցման մասին, ինչը նույնպես նախատեսված չէ կարգադրությամբ: Դրանից հետո ընդդիմության երկու ներկայացուցիչներին պարզապես թույլ չտրվեց մտնել Փաստահավաք խմբին տրամադրված աշխատավայրը: Այդ օրվանից սկսած մինչեւ հիմա Փաստահավաք խմբի բնականոն աշխատանքը վերականգնված չէ: Թեեւ ընդդիմության ներկայացուցիչները ամեն օր պարտաճանաչորեն ներկայանում են աշխատանքի, խմբի մյուս անդամների ոչնչով չհիմնավորված բացակայությունների, ինչպես նաեւ՝ Վահե Ստեփանյանի եւ Ռոբերտ Ավագյանի՝ կարգադրությամբ չնախատեսված ինքնահրաժարականների պատճառով խումբը չի կարողանում վերսկսել իր աշխատանքը»:

ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչները պահանջում են միջոցներ ձեռնարկել Փաստահավաք խմբի բնականոն աշխատանքներն անհապաղ վերականգնելու ուղղությամբ: Այլապես ըննդդիմությունը ստիպված է լինելու փնտրել մարտի 1-ի իրադարձությունների եւ 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման եւ հրապարակայնացման այլ ուղիներ:

Մարտի 1-ի իրադարձությունների եւ 10 զոհերի մահվան հանգամանքների ուսումնասիրության նպատակով 2008 թ. նոյեմբերին ձեւավորվեց Փաստահավաք խումբ: