ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հաստատել է, որ ինքը և իր թիմակիցները չեն ձգտում վերադառնալ իշխանության, այլ միայն ցանկանում են հասնել իշխանափոխության։
«Ես հայտարարել եմ՝ ես և իմ թիմակիցները նպատակ չունենք գալու իշխանության։ Մեր նպատակը իշխանափոխությունն է»,-ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե իր և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև հակասություններն արդյո՞ք գերակշռում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ցանկությանը և ինչու չի ձևավորվում այդ հարցում միասնական համաձայնություն, հայտնում է Panorama.am-ը։
«Եթե անձնապես եք ուզում՝ ես 2 կարևոր նպատակ եմ տեսնում ինձ համար՝ իշխանափոխություն և իմ ընկերների վերադարձը Բաքվի բանտերից։ Ես ուրիշ ոչ մի բան չեմ ուզում։ Ով ինչ ուզում է, թող ամբողջովին վերցնի»,–ասել է նա։
Խոսելով վարչապետի պաշտոնի համար առաջադրված Էդմոն Մարուքյանի և իմպիչմենտի գործընթացի մասին՝ Սարգսյանն ընդգծել է. «Մենք չենք կարող քվեարկել մի մարդու օգտին, սատարել նույնիսկ փողոցով, ով այսօրվա Հայաստանի կառավարիչներից մեկն է եղել, նրանց հետ է աշխատել, այս ամբողջ ողբերգությունների մասնակից է եղել։ Մենք ասում ենք՝ տեսել ենք քո գործելաոճը»։
Հարցին, թե արդյոք իրենք կընդունեն թեկնածուին, եթե նա Ռոբերտ Քոչարյանի թիմից լինի կամ հենց Քոչարյանը, Սարգսյանը դրական է պատասխանել։
«Մենք ասել ենք՝ այո։ Այո։ Ով ուզում է գա»,–նշել է նա։
Նա միաժամանակ կարևորել է արտաքին աջակցությունը, սակայն ընդգծել է, որ առանց ներքին շարժման, որևէ արտաքին ուժ արդյունավետ չի կարող գործել։
«Այո, դրսի ուժերի օժանդակությունը շատ կարևոր է, բայց այսօր չեմ տեսնում այդ օժանադկությունը այն չափով, որ բավարար լինի։ Բայց վստահ եմ, եթե մենք մեր ուժերի ամբողջ լարվածությամբ մտնենք պայքարի մեջ, միաժամանակ կգտնվեն նաև տարբեր աշխարհամասերում, տարբեր տեղերում ուժեր, մարդիկ, ովքեր կսատարեն այդ շարժումը»,- ասել է ՀՀ երրորդ նախագահը։
Քոչարյանն իր հարցազրույցում ասել է, որ ՀՀԿ-ն իշխանություն է դարձել իր նախագահության ժամանակ։
«Մեծ հարց է, թե ո՞վ է ում թիկունք կանգնել կայացման համար։ Նույնիսկ բարոյականության հարց է նման բան հնչեցնելը։ Եթե հարց առաջանա, որ այս իշխանություններից ազատվելու համար անհրաժեշտություն լինի կոալիցիա կազմել, չեմ կարծում, որ այլընտրանք ենք ունենալու։ Բայց միասին ընտրության գնալու հնարավորությունը չեմ տեսնում»,–ասել է նա։