ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցին, ասել է, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից իրեն թիրախավորելու գործընթացը սկսվել է դեռևս 2008 թվականից, ոչ թե 2018-ից, ինչպես որոշ շրջանակներում ենթադրվում է, հայտնում է Auroranews.am-ը։
«Ես կարծում եմ՝ այդ պրոցեսը 2018 թվականից չի սկսվել։ Եթե ուշադրությամբ դիտել եք երկրորդ նախագահի հարցազրույցը, նա այդտեղ ասում է, որ այդ պրոցեսը, գոնե՝ իր կողմից, սկսվել է 2008 թվականից հետո»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Քոչարյանն իր հարցազրույցում ասել է, որ ՀՀԿ-ն իշխանություն է դարձել իր նախագահության ժամանակ։
«Մեծ հարց է, թե ո՞վ է ում թիկունք կանգնել կայացման համար։ Նույնիսկ բարոյականության հարց է նման բան հնչեցնելը։ Եթե հարց առաջանա, որ այս իշխանություններից ազատվելու համար անհրաժեշտություն լինի կոալիցիա կազմել, չեմ կարծում, որ այլընտրանք ենք ունենալու։ Բայց միասին ընտրության գնալու հնարավորությունը չեմ տեսնում»,–ասել է նա։