22 մայիսի 2025 - 10:47 AMT
ԼՂ փախստականների միությունը՝ Ալիևին․ Բաքուն է խոչընդոտել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացմանն Արցախում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին խոսքերին, որն ասել է, թե ՀՀ–ն պետք է թույլ տա «ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությանը մոնիտորինգ անցկացնել, ինչպես նաև երկխոսություն սկսի Արևմտյան Ադրբեջանի համայնքի վերադարձի հարցի շուրջ»։

Նշվում է, որ հենց Ադրբեջանն է եղել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության աշխատանքների խափանման նախաձեռնողը Լեռնային Ղարաբաղում:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անտեսելով Եվրոպական Խորհրդարանի զեկույցներն ու բանաձևերը, Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցների կիրառման որոշումները, որոնք փաստում են Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական մշակութային ժառանգության կանխամտածված, ռասայական ատելության հիմքով ոչնչացման, յուրացման և խեղաթյուրման մասին՝ ուղերձ է հղել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում սույն թվականի մայիսի 21-ին անցկացվող խորհրդաժողովին, նշելով, որ «Հայաստանը պետք է հրաժարվի հարևան պետությունների նկատմամբ տարածքային պահանջներից, քայլեր ձեռնարկի մեր մշակութային ժառանգությունը վերականգնելու և պահպանելու համար, թույլ տա ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությանը մոնիտորինգ անցկացնել այս նպատակով, ինչպես նաև երկխոսություն սկսի Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ վերադարձի հարցի շուրջ»։

Մինչդեռ, երբ ժողովրդավարական աշխարհում ամենամեծ ներկայացուցչական կառույցներից մեկը՝ Եվրոպական խորհրդարանը, իր 2023/2119(INI) զեկույցում արձանագրել է Ադրբեջանի ռազմական հարձակումների հետևանքով Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության վրա բռնի տեղահանման դեպքերը՝ մոտ 120,000 անձանց ներգրավմամբ, դրանք որակելով էթնիկ զտումներ, իսկ 2024 թվականի հոկտեմբերի 23-ի բանաձևում փաստել է մարդու իրավունքների զանգվածային խախտումները, Ադրբեջանը փորձում է նույն մեթոդով մերժել իր պարտավորությունների կատարումը։

Այն հանգամանքում, երբ հենց Ադրբեջանն է եղել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության աշխատանքների խափանման նախաձեռնողը Լեռնային Ղարաբաղում, որտեղ առաքելությունն անհրաժեշտ էր ժառանգության ոչնչացումը կանխելու և պահպանված նմուշները փաստագրելու համար, պաշտոնական Բաքուն միաժամանակ փորձում է խոսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի իրագործման մասին՝ Հայաստանի տարածքում։

Մինչդեռ Եվրոպական խորհրդարանի կողմից դեռ 2022 թվականին ընդունված «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը (N 2582) ուղղակիորեն հորդորել է Ադրբեջանին ձեռնարկել գործողություններ՝ հայկական ժառանգության ոչնչացումը կանխելու ուղղությամբ և պատասխանատվության ենթարկել այդ գործողությունների իրականացնողներին, Ադրբեջանը շարունակում է հրաժարվել ընդունել իր ներգրավվածությունը և վարել ժխտողական դիրքորոշում։

Անկարայում կայացած միջազգային խորհրդաժողովի ընթացքում, որը կրում էր «Արևմտյան Ադրբեջան վերադարձը՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» խորագիրը, Ալիևը նաև պնդել է, թե Արևմտյան Ադրբեջանի համայնքի խաղաղ նախաձեռնությունները, որոնք հավասարեցվում են միջազգային իրավունքի սկզբունքներին, ընդունելություն են գտել միջազգային հանրության կողմից։ Սակայն այն նույն միջազգային հանրությունն է բազմիցս մատնանշել, որ հենց Ադրբեջանը է լուրջ և համակարգված ձևով խախտել մարդու իրավունքները»,–ասվում է հայտարարության մեջ։

Լեռնային Ղարաբաղի փախստականների միությունը կտրուկ քննադատել է Ադրբեջանի որդեգրած ցեղասպան քաղաքականությունը, ատելության խոսքը, հիմնարար իրավունքների խախտումը, ինչպես նաև պատմության խեղաթյուրումը և տարածքային նկրտումները՝ միջազգային իրավունքի բացահայտ անարգմամբ։ Նրանք ընդգծել են, որ մի ամբողջ ժողովրդի բռնի արտաքսումը պատմական բնակավայրերից, պատերազմի հանցագործությունների իրագործումը և միջազգային մարդասիրական նորմերի կոպիտ խախտումները անպատիժ չեն կարող մնալ։

Միությունը կոչ է արել միջազգային հանրությանը վճռականորեն արձագանքել Ադրբեջանի սպառնալիքներին, պաշտպանել հայ ժողովրդի անկապտելի իրավունքները, դատապարտել էթնիկ զտման դեպքերը, մշակութային ցեղասպանությունը և պատմության խեղաթյուրումը՝ միաժամանակ իրական քայլեր ձեռնարկելով խտրականության և ատելության տարածման դեմ։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։