ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ընթացքում կոնգրեսականները պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել նպաստել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակմանը;
Կոնգրեսական Քրիս Սմիթը քննադատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գործողությունները հայ ռազմագերիների և քաղբանտարկյալների հետ կապված ու պահանջել ԱՄՆ-ի անհապաղ միջամտությունը, հայտնում է Factor.am-ը։
«Ալիևը բռնապետ է։ Ազատ արձակեք այդ բանտարկյալներին։ Նրանց հետ սարսափելի վատ են վարվում։ Շատ հստակ է, որ Ալիևի կողմից հայերի դեմ իրականացված ցեղասպանությունից հետո կան շատ-շատ քաղբանտարկյալներ և ռազմագերիներ։ Ես պարզապես կխրախուսեի ձեզ՝ անել այն ամենը, ինչ կարող եք, որպեսզի այդ մարդկանց ազատ արձակեն»,– ասել է Սմիթը։
Ռուբիոն նշել է, որ հայ բանտարկյալների ազատ արձակման հարցը համարվում է ԱՄՆ-ի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ տարվող շարունակական դիվանագիտական ջանքերի «կարևոր» մաս։ Նա նաև ընդգծել է հակամարտության վտանգի իրական հնարավորությունը։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է եղել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատանքի վրա։ Այնտեղ կա հակամարտության իրական ռիսկ, որը մենք փորձում ենք կանխել, որ տեղի ունենա։ Մեր թիմերը շատ ներգրավված են այդ հարցում՝ փորձելով ինչ-որ բան ստեղծել և կանխել այնտեղ զինված միջամտությունը»,–ասել է նա։
Նման դիրքորոշում է հայտնել նաև կոնգրեսական Ջիմ Կոստան՝ աջակցելով ԱՄՆ-ի՝ տարածաշրջանում ավելի խոր ներգրավվածության գաղափարին՝ նպատակ ունենալով Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել և Հայաստանին պաշտպանել։ Նա հորդորել է Ռուբիոյին հարգել «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բաժնի սկզբունքները ու դադարեցնել Բաքվին ռազմական օժանդակության տրամադրումը՝ շեշտելով Ադրբեջանի պատասխանատվության ու ԱՄՆ քաղաքականության ամբողջականության պահպանումը։
«Մենք փորձել ենք երկու կողմերին, հատկապես՝ ադրբեջանական կողմին, ներկայացնել այն հսկայական օգուտները, որոնք կստացվեն խաղաղության համաձայնագիր ստորագրելուց և պատերազմի մեջ չներգրավվելուց, որը մենք կհամարենք կործանարար, հակաարդյունավետ և վերջին բանը, որ մեզ այս պահին անհրաժեշտ է տարածաշրջանում»,– հայտարարել է պետքարտուղար Ռուբիոն։
2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։