Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում և Բեքայի նահանգում մայիսի 18-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հայկական ավանդական կուսակցությունների կողմից առաջադրված բոլոր թեկնածուները կարողացել են հաղթել։ Այդ մասին հայտնել է Լիբանանում գործող Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության մամուլի և տեղեկատվության գրասենյակը, գրում է Արմենպրեսը։
Մասնավորապես, Բեյրութի քաղաքային խորհրդի ընտրությունների արդյունքում 3 հայ ներկայացուցիչ դարձել է քաղաքային խորհրդի անդամ։ Նրանք են՝ Հովհաննես Բուչաքջյանը՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունից, ինչպես նաև Սերժ Մելքոնյանն ու Վահրամ Պարսումյանը՝ Հայ Հեղափոխական Դաշնակցությունից։
Բեյրութի քաղաքային խորհուրդը բաղկացած է 24 անդամից, իսկ հայ թեկնածուները այս ընտրություններին մասնակցել են «Բեյրութը մեզ կհավաքի» անվամբ կոալիցիայի կազմում։
Ըստ հրապարակված տեղեկությունների՝ նշված կոալիցիան ձևավորվել է քրիստոնյա և մահմեդական համայնքների հավասարակշռված ներգրավմամբ, իսկ հայկական ուժերի ներգրավումը կոալիցիայի կազմում առանձնահատուկ նշանակություն է ունեցել քվեարկության ելքի վրա։
«Այս ցանկի հայկական հատվածում ծանրակշիռ և որոշիչ դեր են խաղացել հայկական միասնակության քվեները: Նշենք, որ 2026 թվականին տեղի են ունենալու Լիբանանի խորհրդարանական ընտրությունները, և անցած կիրակի օրվա ընտրությունների արդյունքները կարևոր էին հայ համայնքի քաղաքական կշիռը հաստատելու իմաստով: Քաղաքային խորհրդի ընտրություններին զուգահեռ, տեղի ունեցան նաև թաղապետերի ընտրություններ, որոնցում նույնպես ամբողջական հաղթանակ արձանագրեցին ՍԴՀԿ-ի, ՀՅԴ-ի և Ռամկավար Ազատական կուսակցության թեկնածուները»,-հայտնել են ՍԴՀԿ-ի մամուլի և տեղեկատվության գրասենյակից։
Ընտրությունների այս փուլում հայ համայնքի կողմից դրսևորված միասնական մոտեցումը վկայում է նրա՝ Լիբանանի հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ մասնակցության և շարունակական ներգրավվածության մասին։