22 մայիսի 2025 - 15:25 AMT
Պապոյան. Քանի խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, բոլոր ռիսկերն ինչ-որ չափով առկա են

էկոնոմիկայի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահԳևորգ Պապոյանը կառավարության նիստից հետո ճեպազրույցում, անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը, ասել է, որ քանի դեռ խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, բոլոր տեսակի ռիսկերը ինչ-որ չափով առկա են։

Նա նշել է, որ հայկական կողմն ամեն ջանք գործադրում է, որ պայմանագիրը ստորագրվի, հայտնում է 1lurer.am-ը։

«Քանի դեռ խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, բոլոր տեսակի ռիսկերը ինչ-որ չափով առկա են: Մեր ինքնիշխանության և կարմիր գծերի շրջանակում ամեն ջանք գործադրում ենք, որպեսզի կնքենք խաղաղության պայմանագիր, որպեսզի նոր էսկալացիա չլինի, նոր պատերազմ չլինի, նոր զոհեր չունենանք: ՀՀ կառավարությունը այդ ամենն իրականացնում է այդ նպատակով:

Ամերիկյան կողմի հայտարարությունը. ես, իհարկե, դրա մասնագետը չեմ, բայց ցանկացած հայտարարության, որը կօգնի կողմերին ստորագրել արդեն իսկ համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը, ես կարծում եմ դրական վերաբերմունք ունեմ, և հակառակը՝ եթե կլինի հայտարարություն, որը կհեռացնի կողմերին կամ կողմերից մեկին այդ հայտարարություններից, բնականաբար, բացասական կգնահատեմ»,- ասել է Պապոյանը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ ասել էր, որ Վաշինգտոնը կարևորում է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը։ Նա նշել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, և Վաշինգտոնը փորձում է կանխել դա։