Երևանի քաղաքապետարանը «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ սկսել է «Հուզական աջակցության թեժ գիծ» անունը կրող փորձնական ծրագիր՝ ուղղված քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանը, հոգեկան առողջության խարանի հաղթահարմանը և հոգածության մշակույթի խթանմանը։
Նախաձեռնության շրջանակում մայրաքաղաքի մետրոպոլիտենի վեց կայարանում տեղադրվել է յոթ գովազդային պաստառ, որոնք ներկայացնում են անվճար գործող թեժ գծի (0800 00 900) մասին տեղեկատվություն։
Այս թեժ գծի միջոցով քաղաքացիներին ընձեռվում է հնարավորություն խոսել իրենց մտահոգող հոգեկան առողջության խնդիրների մասին և ստանալ անհրաժեշտ աջակցություն կամ ուղղորդում՝ հատուկ պատրաստություն անցած մասնագետների կողմից։
«Հոգեկան առողջության իրազեկման ամիսը՝ մայիսը, կարևորվում է մեր կողմից՝ նպատակ ունենալով բարձրացնել հասարակության իրազեկվածությունը հոգեկան առողջության վերաբերյալ։ Այս նախաձեռնությունը միտված է մարդկանց իրազեկելուն, խարանը հաղթահարելուն և նրանց հորդորելու՝ հոգ տանել սեփական հոգեկան առողջության մասին»,–ասվում է հաղորդագրության մեջ։