Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն Աթենքում հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային տնտեսական հարցերով գլխավոր քարտուղար և «Enterprise Greecе կազմակերպության խորհրդի նախագահ Դիմիտրիս Սկալկոսի հետ։ Հանդիպման ժամանակ զրուցակիցները անդրադարձ են կատարել երկկողմ տնտեսական կապերի զարգացման հնարավորություններին։
Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է մի քանի ուղղություն, որոնցում դիտվում է համագործակցության խորացման պոտենցիալ։ Դեսպանն ընդգծել է, որ այս ուղղությամբ կարևոր նշանակություն ունի 2024 թվականի դեկտեմբերին Երևանում անցկացված Հայաստանի և Հունաստանի միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստը, հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։
Տիգրան Մկրտչյանն իր բարեմաղթանքներն է փոխանցել Դիմիտրիս Սկալկոսին՝ Երևանյան երկխոսության երկրորդ միջազգային գիտաժողովին մասնակցության առթիվ, ինչպես նաև առաջիկա այցի կապակցությամբ Հայաստան։