22 մայիսի 2025 - 16:17 AMT
ԼՂ-ից տեղահանվածների համար տներ կառուցելու նպատակով Թուֆենկյան հիմնադրամին հողամաս կնվիրաբերվի

Կառավարությունը Թուֆենկյան բարեգործական հիմնադրամին հողամաս կնվիրաբերի՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար տներ կառուցելու նպատակով։ Գործադիրը հավանություն է տվել որոշմանը։

Կնվիրաբերվի Սյունիքի մարզի Տաթև համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության 3.41009 հեկտար մակերեսով հողամասը։

Հիմնավորման համաձայն, կարևորելով սահմանամերձ բնակավայրերի համաչափ զարգացումն ապահովելու և ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ճգնաժամը մեղմելու անհրաժեշտությունը, Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը համագործակցելով Տաթև համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ, նախատեսում է Սվարանց բնակավայրում իրականացնել «ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց գյուղի զարգացում» ծրագիրը՝ Սվարանց գյուղում Լեռնային Ղարաբաղից տեղահանված՝ ՀՀ Կառավարության 2024 թ. մայիսի 16-ի որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակում հավաստագիր ստացած և սույն ծրագրի շահառու դառնալու համաձայնություն տված 20 ընտանիքի համար 20 բնակելի տների կառուցում, նշված ընտանիքներին տրամադրելու նպատակով 20 անասնագոմերի կառուցում, նշված 20 տների կահավորում և 20 հատ արևային տաքացուցիչների տեղադրում, ինչպես նաև 34 հատ արևային տաքացուցիչների տեղադրում գյուղի բնակիչների տների համար, գյուղի վարչական շենքի, բուժկետի և մանկապարտեզի վերանորոգում, խաղահրապարակի կառուցում և գերեզմանատան բարեկարգում:

ՀՀ փոխվարչապետի 2025 թ. մարտի 4-ի համապատասխան որոշմամբ ծրագիրը որակվել է բարեգործական:

Տաթև համայնքի ղեկավարությունը մտադիր է համայնքի սեփականություն հանդիսացող 3.4 հեկտար տարածք անվճար ձևով փոխանցել Թուֆենկյան բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի իրականացման համար։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։