22 մայիսի 2025 - 17:28 AMT
Հակոբյան․ Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով իր հասցեին հնչող մեդադրանքներին և խոսակցություններին, գրել է, թե իրեն «դարձրել են տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ»։

«Նայում եմ իմ վերջին գրառումների արձագանքները և իսկապես վատ եմ զգում։ Ա՜յ ես ձեր ցավը տանեմ, մի՛ վախեցեք։ Ինչո՞ւ եք վախենում։ Ինչի՞ց եք վախենում։ Ի՜նչ ֆիզիկական հաշվեհարդար, ի՜նչ քաղաքացիական պատերազմ։

Դուք արդեն մի քանի տարի սրբապղծորեն հայհոյում եք ինձ։ Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ, ու չգիտեմ` ինչ, աննամուս կոլաժներ եք տարածում, երեխաներիս ծնունդն եք պղծում։ Ընդհանրապես լեզուներիդ տակ ոսկոր չկա, ինչ ուզում եք, ասում եք՝ ձեր ինտելեկտի եւ դաստիարակության սահմաններում։

Ու ի՞նչ...Ոչինչ։ Բա հիմա ինչու՞ եք վախենում ։

Ընդամենը ձեզ հետ ձեր լեզվով եմ խոսում։ Պարզվեց` դուք այլ լեզու չեք հասկանում։ Ստիպվա’ծ էի ձեզ հասկանալի լեզվին անցնել։

Այնպես որ, մի՛ վախեցեք իմ գրառումներից։ Եվ ընդհանրապես, ոչ մի բանից մի’ վախեցեք։

Պատերազմից վախենում եք, խաղաղությունից վախենում եք, թշնամուց վախենում եք, բարեկամից վախենում եք, ասված խոսքից վախենում եք, չասվածից վախենում եք…

Գիտե՞ք ինչու։ Որովհետեւ տգետ եք։ Որքան քիչ գիտելիք ունես, որքան նեղ է աշխարհայացքդ, որքան սահմանափակ աշխարհընկալումդ, այնքան ամեն ինչ վախենալու է թվում` նույնիսկ խոսքը։

Եվ միայն հիստերիկ վայնասունի մեջ եք ձեզ պաշտպանված և ապահով զգում, դրոշ-մրոշ վառելով էլ ձեզ ուժեղ զգում։ Ախր սրա’ համար եմ ասում՝ Կրթվելը նորաձև է:

Ինչևէ՝ այսպես երկար չեմ շարունակի, ինչ-որ պահի կդադարեցնեմ։ Մինչ այդ, սակայն, ստիպված եմ ձեզ հասանելի բառապաշարով անդրադառնալ իմ մասին ձեր տարածած զառանցանքներին՝ առանձին-առանձին։ Եվ հատկապես իմ՝ հարստություն կուտակելու մասին ոմանց անբարո ֆանտազիաներին։

Դուք այնքան անուղեղ եք, որ այսքան ժամանակ մեկդ հարց չտվեց ինքն իրեն՝ բա լավ, որ էս ամեն ինչը ճիշտ է, ինչո՞ւ է այդչափ հարստություն ունենալով հանդերձ, վարչապետի տիկին լինելով հանդերձ, աշխատավարձով աշխատում հիմնադրամում։

Իրականում` ես անվերջ կարող էի հանդուրժել ձեզ, բայց սա անձնական հարց չէ։ Ստիպվա՛ծ եք կրթվել, պարտավո՛ր եք կրթվել: Նեխել եք. ուղեղներդ օդափոխել է պետք»,–գրել է Աննա Հակոբյանը։

Ավելի վաղ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հորդորել է իր գործով զբաղվել «բոլոր նրանց, ովքեր այս օրերին առավոտից երեկո իրենց կաբինետներում և այլուր վերլուծություններ են անում՝ խելոք մտքեր արտահայտելով, թե արդյո՞ք ճիշտ է անում, սխալ է անում, հարիր է, հարիր չէ, էթիկայի սահմաններում է, սահմաններում չէ, արժի, չարժի»։

Հակոբյանը համացանցում վիրավորական արտահայտություններ է իրեն թույլ տալիս ընդդիմախոսների հասցեին։ «Արթուն ենք» շարժման անդամ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «երբեք որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ Հայաստանի ղեկավարների կանանցից մեկը ՀՀ քաղաքացուն հրապարակային կանվանի ոջիլ, մյուս քաղաքացուն՝ տխմար և այսպես շարունակ»: