22 մայիսի 2025 - 17:33 AMT
ՊԵԿ նախագահը՝ կոնյակագործների խնդրի մասին․ Վրաստանը պատճառաբանում է, թե ստանդարտ մաքսային ընթացակարգ է

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ իրենք շարունակաբար հետևում են կոնյակագործության ոլորտի խնդիրներին և այդ հարցը առաջնահերթություն է իրենց hama8:

«Ոչ թե պատրաստվում ենք կոնյակագործների խնդրի հետ կապված ինչ-որ բան անել, այլ անում ենք, մենք անմիջական կապի մեջ ենք Վրաստանի մեր գործընկերների հետ ու պարբերաբար, խոսակցություններ լինում են, փորձում ենք հասկանալ, թե ինչումն է խնդիրը, որ նման փորձաքննություններ են անցկացվում»,-ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։

Ըստ ՊԵԿ նախագահի՝ վրացական կողմը պատճառաբանում է, թե դա ստանդարտ մաքսային ընթացակարգ է, ռիսկ նկատելու դեպքում մաքսային աշխատողը փորձաքննություն անելու համար ինչ-որ նմուշ է վերցնում։

Նա վստահեցրել է, որ հարցը գտնվում է մշտական դիտարկման տակ և հետևողական քայլեր են ձեռնարկվում՝ լուծման ճանապարհները գտնելու ուղղությամբ։

«Ընդամենը շեշտեմ, որ սա մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է»,-ասել է նա։

Վերջին օրերին բողոքի ակցիաներ են անցկացվել՝ պայմանավորված Վրաստանի մաքսային ծառայությունների կողմից իրականացվող գործողություններով։ Վրաստանը, լինելով տարանցիկ երկիր, իր հայեցողությամբ փորձանմուշներ է վերցրել տարբեր գործարանների կողմից արտահանվող ալկոհոլային արտադրանքից, չնայած այն հանգամանքին, որ այդ ապրանքը ուղղակիորեն չի մատակարարվում վրացական շուկա։ Հայ արտադրողները դա որակել են որպես անհիմն միջամտություն՝ առաջացնելով արդարացի դժգոհություն։