Մայիսի 22–ի դրությամբ հայտարարագիր է լրացրել 54 հազար անձ, որից 23 հազարը ստացել է սոցիալական կրեդիտ։ Այդ մասին հայտնել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ ներկայացնելով 2025 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները:
«2 միլիարդից ավելի սոցիալական կրեդիտներ են ստացել մեր քաղաքացիները»,- ասել է ՊԵԿ նախագահը, հայտնում է 1lurer.am-ը։
Նա նշել է, որ մի շարք որոշումների շնորհիվ հայտարարագիր լրացնելու գործընթացը դարձել է ավելի հարմարեցված և հարթ։ Նա հավելել է, որ մշակվել են նաև անհրաժեշտ ուղեցույցներ։
ՊԵԿ ղեկավարը տեղեկացրել է, որ վերջին ամիսների ընթացքում հարկային մուտքերը գրանցել են նշանակալի աճ։ Մասնավորապես, հարկային մարմնի հավաքագրած գումարի դեպքում արձանագրվել է 12․7 տոկոս աճ, իսկ մաքսային մարմնի գծով՝ 25․3 տոկոս։
«Հունվար-ապրիլի կտրվածքով 14 տոկոսանոց աճ կա անցած տարվա հունվար-ապրիլի նկատմամբ, որը ենթադրում է 120 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ անցած տարվա այդ ժամանակահատվածի համեմատությամբ»,- նշել է նա։
ՀՀ բոլոր վարձու աշխատողները նոյեմբերի 1–ից պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։ Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացրած անձը, հաշվետու տարվա ընթացքում իր կամ իր ընտանիքի անդամների համար առողջապահության ու կրթության գծով սոցիալական ծախսեր անելու դեպքում, կարող է օգտվել սոցծախսի փոխհատուցման հնարավորությունից։