Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելի հետ հանդիպմանը քննարկել է ՀՀ հետ կարգավորման գործընթացը, գրում է APA-ն։
Բելեն Մարտինես Կարբոնելն այս մասին տեղեկացրել է X սոցիալական ցանցում։
«Մենք քննարկել ենք Եվրոպական Միության և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ինչպես նաև ԵՄ-ի աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և վերջին զարգացումները տարածաշրջանում», – նշել է դիվանագետը։
Նա հավելել է, որ ԵՄ-ն հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և բարգավաճմանը։
Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: