23 մայիսի 2025 - 11:53 AMT
Թուրքիան ակնկալում է, որ Բաքուն և Երևանը կստորագրեն խաղաղության պայմանագիր

Թուրքիան ակնկալում է, որ բարենպաստ պայմաններ կստեղծվեն ՀՀ և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հաստատման համար, «որը օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր կողմերին»։ Այդ մասին նշված է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ, որի նիստը տեղի է ունեցել մայիսի 22–ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ։

«Նիստի մասնակիցները գոհունակություն են հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը համախոհության են հասել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, վերահաստատել են իրենց սպասելիքը՝ պայմանների ապահովման վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են վերջնական խաղաղության հաստատման համար, որի արդյունքները օգտակար կլինեն տարածաշրջանի բոլոր կողմերի համար», ասվում է Թուրքիայի անվտանգության խորհրդի պաշտոնական հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հույս էր հայտնել, որ Հայաստանը կընդունի Բաքվի ներկայացրած պայմանները։ Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Բաքուն պահանջում է Երևանից սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը և Հայաստանի Սահմանադրությունից հանել «Ադրբեջանի հանդեպ տարածքային հավակնությունները»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծն արդեն համաձայնեցված է և սպասում է վերջնական ստորագրման։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահին առաջարկում է նախաձեռնել խորհրդակցություններ համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: