23 մայիսի 2025 - 12:02 AMT
Երևանի փոխքաղաքապետը հրապարակել է 1998-2018թթ․ օտարված մանկապարտեզների ցանկը

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, ինչպես խոստացել էր Ավագանու վերջին նիստում, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է այն մանկապարտեզների ցանկը, որոնք օտարվել են 1998-2018 թվականների ընթացքում։

Դրանց թիվը հասնում է 45–ի։

«Այս որոշումները կայացվել են՝ նախապատվությունը տալով անձնական և բիզնես շահերին, արհամարհելով և ոտնահարելով երևանցիների իրավունքներն ու շահերը։

Դուք ինքներդ կարող եք գնահատել պատճառված վնասի ծավալը։ Նախնական տվյալներով՝ յուրաքանչյուր տարի մոտ 7000 երեխա զրկվել է համայնքային մանկապարտեզ անվճար հաճախելու հնարավորությունից, իսկ շատերը՝ հերթում մնալով, ընդհանրապես չեն ստացել այդ հնարավորությունը։

Ահա թե ինչու 2018 թվականի սկզբին մանկապարտեզների հերթերի խնդիրը չափազանց սուր էր կանգնած։ Այսօր ակնհայտ է դառնում՝ ինչու է դա տեղի ունեցել և ովքեր են դրա համար պատասխանատու։ Այս հարցի վերաբերյալ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության իմ գործընկերները շուտով հանդես կգան հայտարարությամբ և համապատասխան նախաձեռնությամբ”,–ասվում է գրառման մեջ։

Հովհաննիսյանը հրապարակել է մանկապարտեզների ցուցակը վարչական շրջաններով, ընդգրկելով՝ Ավան, Աջափնյակ, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն և Կենտրոն։

Այդ մանկապարտեզները կամ լուծարված են, կամ օտարվել են համայնքի ավագանու կամ կառավարության որոշումներով, իսկ որոշ դեպքերում՝ վերածվել են բնակֆոնդի։