23 մայիսի 2025 - 13:11 AMT
Սյունիքի Որոտան, Խոտ և հարակից բնակավայրերի բնակիչները կունենան այլընտրանքային անվտանգ ճանապարհ

2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում, երբ Գորիսը և Որոտան համայնքը կապող նախկին ճանապարհն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ ու դադարեց գործել, Որոտան-Խոտ այլընտրանքային ճանապարհի վերակառուցումը դարձավ հրատապ անհրաժեշտություն։ Ներկայում այդ հատվածում ընթանում են շինարարական աշխատանքներ՝ ակտիվ տեմպերով։

Լրագրողների խումբը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ուղեկցությամբ այցելել է տեղանք՝ ծանոթանալու ընթացող աշխատանքներին։ Որոտան-Խոտ ճանապարհահատվածի շինարարությունը իրականացնում է «Ճանապարհ» ընկերությունը, իսկ նախագծման և տեխնիկական վերահսկողության աշխատանքները վստահված են «Մոդուլ» ընկերությանը։ Նախագծի շրջանակում վերակառուցվում է 10.3 կիլոմետր երկարությամբ ճանապարհ։ Պայմանագրային արժեքը կազմում է 4 մլրդ 234 մլն 691 հազար 588 դրամ։ Շինարարությունն ընթանում է 2022-2025 թվականների ընթացքում, հայտնում է Արմենպրեսը։

Նախատեսվում է իրականացնել հողային աշխատանքներ, արհեստական կառույցների շինարարություն և երեք շերտով ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Գործընթացը շարունակվում է։

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը շեշտել է, որ Խոտ-Որոտան ճանապարհը ռազմավարական կարևորություն ունի ոչ միայն Սյունիքի, այլև ամբողջ Հայաստանի համար։

«Ծրագիրը նախագծային առումով բավականին թանկ է։ Այստեղ՝ ի տարբերություն մեր հիմնական ծրագրերի, կառուցվում է նոր ճանապարհ։ Շինաշխատանքներն առաջ են գնացել որոշակի բարդություններով՝ կապված տեղանքի յուրահատկությունների հետ, ուստի տրվել են նախագծային նոր լուծումներ։ Այս պահին հողային աշխատանքներն ավարտական փուլում են, և պլանավորում ենք մեկնարկել հիմքի աշխատանքների հաջորդ փուլը։ Խնդիրներն այստեղ պայմանավորված են եղել ջրի կուտակումներով և քարաթափմամբ, սակայն այս պահին նման խնդիրներ չկան»,- հավաստիացրել է ՏԿԵ նախարարը։

Նախարար Խուդաթյանի խոսքով՝ կառուցվող ճանապարհը լինելու է ապահով և զգալիորեն կկրճատի երթևեկության ժամանակը։ Այն դառնալու է կենտրոնական օղակ՝ կապելով Սյունիքի բազմաթիվ բնակավայրեր, և ծառայելու է ոչ միայն Որոտանի ու Խոտի, այլև այլ համայնքների բնակիչներին։

Տաթև խոշորացված համայնքի ղեկավար Սամվել Լալայանը հավելել է, որ տարածքում սողանքների առկայության պատճառով նախագծում ներառվել են նոր ճարտարապետական լուծումներ։ Սողանքների հետևանքով ճանապարհի լայնությունը նախկինում նեղացել էր, սակայն այժմ իրականացվում են լայնացման աշխատանքներ՝ հասնելով ավելի քան ութ մետրի։

«Այս ճանապարհով որոտանցիները շատ արագ կկապվեն նաև Բարձրավան համայնքի հետ, իսկ շուռնուխցիները՝ Կապան քաղաքի հետ։ Ճանապարհի կառուցումից հետո այս հատվածում շարժը նույնպես կակտիվանա։ Հարցեր առաջանալու դեպքում շատ արագ կարող ենք արձագանքել և օգնել միմյանց։ Ճանապարհը միանշանակ կհեշտացնի նաև գյուղատնտեսական աշխատանքները, մարդիկ դարձյալ կզբաղվեն այգեգործությամբ և կիրացնեն իրենց բերքը։ Այդ ամենի համար կլինեն բարենպաստ պայմաններ»,- ասել է նա։