Հայաստանում վերացված համարվող կովկասյան ազնվացեղ եղջերուները, որոնք ներառված են Կարմիր գրքում և ավելի վաղ տեղափոխվել էին վայրի բնություն, այս տարի b>առաջին անգամ վայրի պայմաններում ձագեր են ունենալու: Մասնագետները նշել են, որ դա վկայում է վերականգնման ծրագրի հաջող ընթացքի մասին։
Մայիսի 22–ին Հայաստանի Կարմիր գրքում ներառված կովկասյան ազնվացեղ ևս 9 եղջերու ազատ է արձակվել Դեբետ գյուղին հարող անտառային տարածքներում։ Դեռ 2018 թվականից Բնության համաշխարհային հիմնադրամի նախաձեռնությամբ Իրանից Հայաստան էր տեղափոխվել 14 եղջերու, որոնք նախկինում Հայաստանում համարվել են վերացած տեսակ, հայտնում է «Ազատությունը»։
Դրանք բազմացվել են Դիլիջանի ազգային պարկում, և այժմ արդեն նրանց սերունդները ազատ արձակվել են երկրի տարբեր անտառներում։
Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) ծրագրերի ղեկավար Կարեն Մանվելյանը հայտնել է. «Նախորդ տարիներին բաց թողնված եղջերուները լավ են հարմարվել Հայաստանի վայրի բնությանը։ Կենդանիները չեն տուժել գիշատիչներից, իսկ բաց թողնելուց առաջ նրանց պատվաստել են հիվանդությունների դեմ»։
Յուրաքանչյուր եղջերու կրում է ռադիոհսկման վզնոց, որի միջոցով մասնագետները կարողացել են հետևել նրանց տեղաշարժին ու վարքին։
Երկու հասարակական կազմակերպություն ստանձնել են կենդանիների խնամքը և, համագործակցելով էկոպարեկային ծառայության հետ, մշտադիտարկում են իրականացնում։