23 մայիսի 2025 - 13:32 AMT
«Համբալ», «Վեր ընկի տեղդ, ներվերս չուտես». Փաշինյանի վարքագծի մասով վարույթ կա

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ՝ հիմք ընդունելով միջադեպի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Հանձնաժողովը մասնավորապես անդրադարձել է հետևյալ արտահայտություններին. «Համբալ», «Վեր ընկի տեղդ, ներվերս չուտես», «Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները»։

«Ես դիմումով պահանջել էի վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած վարքագծի վերաբերյալ: Երեկ Հանձնաժողովից ինձ տեղեկացրին, որ մայիսի 15-ին արդեն հարուցվել է վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ թիվ 07/2025/Վ/Վ վարույթը՝ հիմք ընդունելով միջադեպի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։

Հարկ է նկատել, որ հանրային բարձր պատասխանատվություն կրող յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի՝ իր վարքագիծն ու խոսքը չեն կարող լինել անսահմանափակ։ Դրանք պետք է լինեն իրավունքի և բարոյականության շրջանակներում։

Նիկոլ Փաշինյանի վարքագիծը խաթարում է իշխանության նկատմամբ հանրային վստահությունը, սրում է ինստիտուցիոնալ քայքայման ռիսկերը և խախտում է քաղաքացի-պետություն հարաբերությունների հիմքը՝ հարգանքը։

Այս վարքագիծը իշխանության շահարկում է՝ ընդդիմախոսներին նվաստացնելու և ժողովրդավարական դիսկուրսը ճնշելու համար։ Ոչ մի օրենք թույլ չի՛ տալիս պաշտոնյային, լինի նա նույնիսկ վարչապետ, դուրս գալ պատասխանատվության դաշտից՝ հղում անելով իր «նյարդերին» կամ «հույզերին»,–ասվում է գրառման մեջ։

Թովմասյանը հույս է հայտնել, որ սա իրավական նախադեպ է դառնալու և ԿԿՀ-ի վարույթը ձևական չի լինի, այլ որոշմամբ կփաստի, որ «պետության ներսում անգամ սահմանադրական ինստիտուտներն արձագանքում են իշխանական անթույլատրելի վարքի դրսևորմանը»:

Մայիսի 7-ին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իրավիճակը լարվել է, երբ ընդդիմադիր մի քանի պատգամավորներ հարցրել են, թե ինչո՞ւ են անհետևանք մնում իշխանական տարբեր պաշտոնյաներին առնչվող և կոռուպցիոն կասկած պարունակող մամուլի հրապարակումները, ինչին ի պատասխան վարչապետը հայտարարել է, որ մամուլը դատական իշխանություն չէ, իսկ եթե մամուլի հրապարակումներով առաջնորդվեն, ապա «սաղիդ պտի տանեմ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը»։ Վարչապետն ընդդիմադիրներին հորդորեց «վեր ընկնել տեղն» ու «չուտել իր ներվերը», Փաշինյանը նաև «համբալ» է անվանել նրանց։