Ռեժիսոր Նատալյա Միրզոյանի «Ձմեռն անվերջ» վերնագրով անիմացիոն ֆիլմն իր համաշխարհային առաջնախաղն ունեցել է Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնի La Cinef մրցութային պաշտոնական ծրագրում` արժանանալով Ոսկե արմավենու ճյուղի երրորդ պատվավոր մրցանակին՝ ընտրվելով ավելի քան 2400 ներկայացված աշխատանքներից, հայտնում է Հայաստանի կինոյի հիմնադրամը։
«Ձմեռն անվերջ» ֆիլմը ստեղծված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի պետական ֆինանսավորման աջակցությամբ։ Այն համատեղ արտադրության արդյունք է ArtStep Studio-ի (Հայաստան), Rebel Frame-ի, Էստոնիայի արվեստի ակադեմիայի (Էստոնիա), Black Boat Pictures-ի (Ֆրանսիա) և White Boat Pictures-ի (Բելգիա) միջև։
Նախագիծը առաջին անգամ ներկայացվել էր անիմացիոն ֆիլմերի «ՌեԱնիմանիա» փառատոնում, որտեղ ստացել է իր առաջին մրցանակը։ Ֆիլմի պրոդյուսերն է Արմինե Հարությունյանը։
Ֆիլմի հիմքում Սանկտ Պետերբուրգում ընտանիք կազմած զույգի իրական պատմությունն է։ Դրամատուրգիան սկիզբ է առնում Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի առաջին օրից և պատկերում է պատերազմին ընդդիմացող ռուս քաղաքացիների տեսանկյունից։ Ֆիլմը ներկայացնում է պատերազմական առաջին ամսվա զարգացումները և հերոսների հետագա տեղափոխությունը Վրաստան։ Իրադարձությունների սրացումը հանգեցնում է զույգի միջև օտարացման, որն ավարտվում է նրանց բաժանմամբ։