23 մայիսի 2025 - 14:04 AMT
Վարորդականները սեպտեմբերի 1-ից կփոխատեղվեն թվային տարբերակի

Հայաստանում ներդրվելու են թվային ձևաչափով վարորդական և հաշվառման վկայականներ։ Օրենսդրական առաջարկով նախատեսված ժամկետն ուժի մեջ կմտնի խորհրդարանի վերջնական ընդունումից հետո։ Այդ մասին ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը։

«Բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն վարորդական վկայականներ, առնվազն սեպտեմբերի 1-ից դրանք կկոնվերտացնեն թվային տարբերակներով:

Մեկ այլ նախաձեռնությամբ մենք նաև սահմանում ենք, որ եթե պարեկային ծառայության աշխատակիցը կարողանում է նույնականացնել վարորդին, այդ պարագայում չի կիրառվելու վարչական այն իրավախախտումը, որը նախատեսված է օրենսգրքով, այն է՝ վարորդական վկայականն իր մոտ չունենալը: Եթե նույնականացնում է անձին, և հավաստվում է, որ անձն ունի վարելու իրավունք, ապա այդ վարչական իրավախախտումը չի կիրառվում»,- ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։

Փոխնախարարի խոսքով՝ նախատեսված է, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ բոլոր այն անձինք, որոնք ունեն վարորդական վկայականներ ՀՀ-ում, նրանց վարորդական վկայականները կփոխատեղվեն թվային վարորդական վկայականներով:

«Այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր ունեն վարորդական վկայական, կհամարվի, որ ունեն նաև թվային վարորդական վկայական, իսկ այն անձինք, որոնք նոր ձեռք կբերեն վարորդական վկայական, նրանց կտրվի ընտրության հնարավորություն, այն է՝ առավել փոքր տուրքով անձը կարող է ձեռք բերել թվային վարորդական վկայական: Սակայն երբեմն անհրաժեշտություն է առաջանում ունենալ այդ պլաստիկ վարորդական վկայականը, եթե ցանկանում են երկրից դուրս գալ մեքենայով: Այդ դեպքում տուրքը մի փոքր ավելին է, և անձը հնարավորություն կունենա ստանալ պլաստիկ վարորդական վկայական»,- ասել է նա:

Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ թվային վարորդական վկայականները կօգտագործվեն միայն ՀՀ տարածքում, իսկ արտերկիր ճանապարհորդության ժամանակ անհրաժեշտ կլինի ունենալ նաև պլաստիկ վկայական։

Նա հայտնել է նաև, որ կենսաչափական տվյալներով նույնականացման քարտերի և անձնագրերի տրամադրման ծրագիրն արդեն մրցութային փուլ է անցել՝ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում։ Արդյունքում ընտրվել է հաղթող ընկերություն՝ ֆրանսիական հեղինակավոր կազմակերպություն։

«Ընկերության հետ աշխատանքներ են իրականացվելու առաջիկա տարվա ընթացքում: Նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր, բացարձակ արդիական պահանջներն ենք սահմանել, այդպիսի համակարգ ենք ունենալու արդեն հաջորդ տարվա՝ 2026 թվականի կեսերին: Սա իր հերթին փոխկապակցված է ՀՀ-ի՝ Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացի հետ»,- ասել է նա:

Փոխնախարարը նաև հայտնել է, որ առնվազն չորս հիմնական ուղղություն քննարկման փուլում է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում։ Այդ ուղղություններից մեկը վերաբերում է կենսաչափական տվյալների կառավարմանը և անվտանգության բարձր մակարդակ ապահովող փաստաթղթերի տրամադրմանը։