Մայիսի 20-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 9451 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Այդ մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ասուլիսի ընթացքում։
«Նույն օրվա դրությամբ մենք ունենք 8315 անձ, որոնք ՀՀ նախագահի հրամանով ստացել են ՀՀ քաղաքացիություն։ Վերջին շրջանում նկատվում է որոշակի ակտիվացում ՀՀ քաղաքացիության համար դիմելու մասով։ Եթե տարվա սկզբին ունենում էինք օրական մոտ 20 դիմում, ապա այժմ օրական 40-50 դիմում ենք ստանում»,–ասել է ՆԳ փոխնախարարը, հայտնում է Sputnik Արմենիան։
Արմեն Ղազարյանը նշել է նաև, որ այն դեպքում, երբ ծնողներից գոնե մեկը ստանում է ՀՀ քաղաքացիություն, նրանց երեխաներն ավտոմատ կերպով դառնում են ՀՀ քաղաքացիներ։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից բռնի տեղահանվածների թիվը կազմել է 115,365 մարդ։