23 մայիսի 2025 - 14:09 AMT
Տնտեսվարողները փակել էին Արին Բերդի խաչմերուկը՝ պահանջելով նորոգել ճանապարհը

Մայիսի 23–ի առավոտյան քաղաքացիները փակել էին Արցախի փողոցից ՋԷԿ և Արին Բերդ փողոց տանող խաչմերուկը։ Ցուցարարների մեծ մասը տնտեսվարողներ են, որոնք դժգոհում են ճանապարհի անմխիթար վիճակից՝ նշելով, որ այն լուրջ խոչընդոտներ է ստեղծում իրենց գործունեության համար։

Ցուցարարները նշել են, որ դեռ երկու ամիս առաջ նույն խնդրի վերաբերյալ ակցիա են իրականացրել, սակայն, ըստ նրանց, պատկան մարմինները չեն արձագանքել, հայտնում է Panorama.am-ը։

Նրանց խոսքով՝ ճանապարհների վատ վիճակը բարդություններ է ստեղծում բեռնատարների համար, ինչի հետևանքով բեռների տեղափոխումը դեպի տնտեսվարողների տարածքներ դառնում է գրեթե անհնար, իսկ այդ հատվածում մոտ 3000 աշխատող է ներգրավված։

Ցուցարարների փոխանցմամբ՝ վարչական շրջանի ղեկավարը հայտարարել է, թե ճանապարհը չի գտնվում իրենց ենթակայության ներքո, քանի որ այն միջհամայնքային կարգավիճակ ունի։ Միևնույն ժամանակ, նրանք դժգոհել են, որ Երևանի քաղաքապետարանը հարցին որևէ ձևով չի արձագանքել։

Ակցիայի ընթացքում ցուցարարներին է մոտեցել Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը։ Վերջինս հայտնել է, որ ճանապարհի հիմնանորոգման հարցը արդեն դրվել է մրցույթի, քանի որ հատվածում առկա են գրունտային լուրջ խնդիրներ, և հնարավոր չէ իրականացնել միայն միջին նորոգում։ Նա վստահեցրել է, որ աշխատանքները կիրականացվեն ընթացիկ տարվա ընթացքում, սակայն բողոքի ակցիայի մասնակիցները թերահավատությամբ են վերաբերվել այս հավաստիացմանը։

Հարցին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը` հայտնելով, որ ճանապարհի նորոգման մրցույթ է հայտարարվել, սակայն հայտ չի ներկայացվել։

«Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը Երևանի քաղաքապետարանի կողմից 2025 թվականի ապրիլի 30-ին դրվել են մրցույթի: Սակայն մրցույթին հայտ չի ներկայացվել։

Նոր մրցույթի հաղթող ճանաչվելուց հետո կհայտարարվի շինարարության մրցույթ, որից հետո էլ հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն»,-գրել է նա։