Երևանում բեռնատարի սրահում բռնկված հրդեհի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Մայիսի 23-ին՝ ժամը 08:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ստացել է ահազանգ այն մասին, որ Երևանի Գյուրջյան փողոցում բեռնատար ավտոմեքենայից ծուխ է նկատվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի քաղաքային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Փրկարար ծառայությունը հայտնել է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 09:14-ին, իսկ մարվել՝ 09:17-ին։ Այրվել է «DAF» մակնիշի բեռնատարի սրահը։
Վարորդը ստացել է այրվածքներ դեմքի և ձեռքի հատվածներում, ինչի հետևանքով հոսպիտալացվել է համապատասխան բժշկական կենտրոն։