31 մայիսի 2009 - 14:29 AMT
«Ազատ հասարակության ինստիտուտը» 500 դիտորդների է գործուղել Երեւանի ընտրատեղամասեր
Թիվ 9/10 ընտրատեղամասում, որտեղ քվեարկել է ՀՀ նախագահը, ընտրություններն անցնում են հանգիստ ու առանց խախտումների: Այս պահի դրությամբ քվեարկությանը մասնակցել է շուրջ 300 հոգի, ինչը այդ տեղամասում ընտրողների ընդհանուր թվի 15 տոկոսն է կազմում:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում «Ազատ հասարակության ինստիտուտ» ՈԿԿ-ի նախագահ Էդգար Հակոբյանը նշել է, որ ընտրություններն այստեղ կազմակերպվում են բարձր մակարդակով, իսկ քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը բնակչության բարձր ակտիվության ցուցանիշ է: «Բնակչության ակտիվությունը վկայում է այն մասին, որ մարդիկ հարգում են իրենց ընտրական իրավունքը եւ Երեւանի Ավագանու խորհրդի ընտրությունները»,-ասել է նա:
Հակոբյանը նաեւ հաղորդել է, որ «Ազատ հասարակության ինստիտուտը» 500 դիտորդների է գործուղել Երեւանի ընտրատեղամասեր:
Երեւանում շարունակվում են Ավագանու ընտրությունները: Ընտրությունները սկսվել են 8.00 (GMT+4) եւ կավարտվեն 20.00-ին: Հայաստանի մայրաքաղաքի բնակիչները կընտրեն այն կուսակցությունները, որոնց միջեւ կբաշխվեն Երեւանի Ավագանու խորհրդի 65 մանդատները: Առավոտվա 11:00-ի տվյալներով ընտրություններին մասնակցել է 90 450 ընտրող, ինչը կազմում է ձայնի իրավունքն ունեցողների 11,72 տոկոսը: Ընտրողների ընդհանուր թիվը Երեւանում 771 477 է: