23 մայիսի 2025 - 15:44 AMT
2024-2028 թթ. ծրագրով փոխհատուցվում է տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանն ուղղված 2024-2028 թթ․ ծրագիրը նպատակ ունի պետական աջակցությամբ խթանել արժեքավոր տոհմային ոչխարների և այծերի ձեռքբերման (ներկրման) գործընթացը, խրախուսել բարձր արտադրողականությամբ հոտերի ձևավորումը, կատարելագործել հայրենական ցեղերի տոհմաբանական ու արտադրողական հատկանիշները, ինչպես նաև նպաստել խառնացեղ բարձր մթերատու կենդանիների ստացմանը՝ տարատեսակ ցեղերի տրամախաչման արդյունքում՝ ապահովելով տեղական պայմաններին համապատասխանեցվածություն։

Ծրագրի շրջանակում շահառուները փոխհատուցման եղանակով հնարավորություն ունեն ձեռք բերել բարձր մթերատու տոհմային մանր եղջերավոր կենդանի, հայտնում է 1lurer.am-ը։

Մեկ տոհմային կենդանու առավելագույն գինը սահմանվել է՝

Հայաստանի Հանրապետության ներսում ձեռք բերված՝ 300 հազար ՀՀ դրամ.

արտերկրից ներկրման դեպքում՝ 450 հազար ՀՀ դրամ:

Ծրագրի հիմնական պայմաններն են՝

– շահառու կարող են լինել իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր

– ձեռք բերվող կենդանիների նվազագույն քանակը՝ 5 գլուխ (այդ թվում՝ առնվազն 1 արու), առավելագույնը՝ 300 գլուխ (ներառյալ մինչև 10 արու)

– պետությունը կփոխհատուցի յուրաքանչյուր կենդանու արժեքի մինչև 50%-ը։

Մինչև կենդանիների ձեռքբերումը կամ ներկրումը շահառուն պարտավոր է ներկայացնել՝

– էլեկտրոնային դիմում՝ ուղղված secretariat@mineconomy.am հասցեին, որտեղ նշված պետք է լինեն կենդանու տեսակը, ցեղը, քանակը, ձեռքբերման (ներկրման) վայրը և ժամկետները, ինչպես նաև կցված պայմանագիրն ու համապատասխան հավաստագրերը (վկայականներ, քարտեր)

– ԱՔՐԱ-ի կողմից տրամադրված բարվոք վարկային պատմության տվյալներ

– տեղեկանք հարկային պարտավորությունների վերաբերյալ

– մինչև մեկ տարի ժամկետով բանկային երաշխիք՝ այն դեպքերում, երբ արտերկրից ներկրվել է 48-ից ավելի, կամ ներսում գնվել է 72-ից ավելի կենդանի։ Գումարը հաշվարկվում է ըստ ընդհանուր արժեքի և 10,8 մլն դրամի տարբերության չափով։

Նշված ծրագրից յուրաքանչյուր շահառու կարող է օգտվել միայն մեկ անգամ։