23 մայիսի 2025 - 15:55 AMT
Հակոբյան․ 2018-ի հեղափոխությունը Ղարաբաղը հանձնելու մասին էր

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2018-ի հեղափոխությունը Ղարաբաղը հանձնելու մասին էր։

Եվ ուրեմն, ըստ նրա, ով իշխանություն է ուզում առանց Ղարաբաղի՝ ցանկանում է, որ «մենք մոռանանք, թե ով ենք ու ինչի համար ենք այս մի թիզ հողի վրա «իրար գլուխ հավաքվել»:

«Անկեղծ լինենք. 2018-ի նիկոլական հեղափոխությունը նաև մեծապես աշխարհաքաղաքան կամ, այսպես կոչված՝ արտաքին բաղադրիչ ուներ, որի մասին շատ փակագծեր ցայսօր բացված չեն: Եվ այդ արտաքին բաղադրիչը պայմանավորված էր մեկ բառով՝ Ղարաբաղ:

Եթե 2018-ի հեղափոխության ներքին գործընացները հնարավոր էր կառավարել, ապա արտաքին բաղադրիչն ուղղակի անհնար էր: Սերժ Սարգսյանն այն մարդը չէր, որին հնարավոր կլիներ մղել դեպի դավաճանական ելքով պատերազմ, կապիտուլյացիա և Արցախի հանձնում: Ուստի Սերժ Սարգսյանը պետք է չլիներ իշխանություն, պետք է լիներ Նիկոլը՝ իր նման անկիրթների, անսկզբունք ու անինքնասեր չտեսների բրիգադով: Բնականաբար, այս ամենը՝ հեղափոխական զանգվածների ծափերի ներքո:

Եթե կարճ՝ 2018-ի հեղափոխությունը Ղարաբաղը հանձնելու մասին էր: Եվ եթե Նիկոլին հեռացնելու ցանկություն կա, ապա պետք է ազնվորեն ու առանց դիվանագիտական սեթևեթանքների հստակ մանիֆեստացիա անել՝ գնում ենք հակահեղափոխության, այսինքն՝ Նիկոլի ռեժիմն ուղարկում ենք պատմության աղբամանն ու գնում ենք Ղարաբաղի հետևից: Ով կասի, թե «ժողովուրդը վախեցած է», «ռեսուրս չունենք», «դաշնակից չունենք», չհավատաք. նման բաներ տարածողները կա՛մ նիկոլական են (բաց ու լատենտ), կա՛մ էլ լոկ միայն իշխանության ու կապիտալի համար կռիվ տվողներ են: Ամեն ինչ էլ կա, ռուսի ասած՝ «дело мастера боится»:

Մի հետաքրքիր պատմություն կա. ժամանակակիցների վկայությամբ՝ 1936-ին Հայաստանի ղեկավար Աղասի Խանջյանն իր շքախմբով այցելել է Երևանի պետական համալսարան: Դասախոսներով և ուսանողներով լեփ-լեցուն դահլիճի բեմ է դուրս գալիս տարազներ հագած երգի համույթ ու սկսում է Վան-Վասպուրականի ազգային-ազատագրական երգեր երգել: Ներկաներին թվում է, թե Խանջյանի հրամանով ուր որա է՝ ԵՊՀ ղեկավարությունում «գլուխներ են թռչելու», մինչդեռ քար լռության պայմաններում Խանջյանը վեր է կենում տեղից և ասում՝ նորից երգեք: Երբ համույթը երկրորդ անգամ ավարտում է երգը, Խանջյանը կրկին ասում է՝ նորից երգեք: Ազգագրական համույթի երրորդ ելույթից հետո Խանջյանը վեր է կենում և առանց որևէ բան ասելու՝ իր շքախմբով հեռանում է ԵՊՀ-ից:

1936-ին Աղասի Խանջյանը գիտեր, որ օրեր անց գնալու է Թբիլիսի ու այլևս չի վերադառնալու: Աղասի Խանջյանը գնացել էր ԵՊՀ իր ժողովրդի մտավոր սերուցքին ազդակ հղելու՝ չմոռնաք, թե դուք ով եք, չմոռանաք, թե ինչի համար եք «իրար գլուխ հավաքվել»:

Եվ, ուրեմն՝ Ղարաբաղի էջը փակելը սովորական նիկոլականություն է, ով իշխանության է ձգտում առանց Ղարաբաղի՝ սովորական քաղաքական դիակապտ է, ով իշխանափոխության է ձգտում առանց Ղարաբաղի հարցն օդում կախելու՝ սովորական քաղաքական պարազիտ է: Ով իշխանություն է ուզում առանց Ղարաբաղի՝ ցանկանում է, որ մենք մոռանանք, թե ով ենք ու ինչի համար ենք այս մի թիզ հողի վրա «իրար գլուխ հավաքվել»,–գրել է նա։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։