Ռուսաստանը անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագիր կնքելու գործում և պատրաստ է նպաստել փաստաթղթի մշակման և ստորագրման գործում։ Այդ մասին մայիսի 23-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պատմական հարավռուսական հողերին նվիրված բարձր մակարդակի կոնֆերանսում, գրում է ՏԱՍՍ–ը:
«Պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, մենք անկեղծորեն մաղթում ենք նրանց հաջողություն այս հարցում։ Ակնհայտ է, որ այդ պայմանագիրն ի հայտ է եկել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի մի քանի եռակողմ գագաթնաժողովների արդյունքում։ Մենք պատրաստ ենք շարունակել օժանդակել, եթե երկու կողմերն էլ դրանում հետաքրքրված լինեն», — նշել է Լավրովը։
Լավրովը խոսել է նաև ՀՀ առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ նշելով, որ դրա համար հարկավոր է, որ ստորագրվի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը և կարգավորվեն Թուրքիայի հետ հարաբերությունները։
«Հայկական կողմը մշակում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ձգտելով իր տարածքն ու լոգիստիկ հնարավորությունները ինտեգրել այս լայնածավալ մայրցամաքային գործընթացների մեջ։ Մենք կողմ ենք բոլոր ենթակառուցվածքային նախագծերի զարգացմանը։
Սակայն, որպեսզի «Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչվի, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիր, հարկավոր է նաև ՀՀ–Թուրքիա հարաբերությունների կարգավորում»,–ասել է Լավրովը։
Մարտի 13-ին կողմերը ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման գործընթացը։ Վերջին երկու կետերը, որոնց շուրջ ձեռք է բերվել համաձայնություն, վերաբերում են երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը ընդհանուր սահմանի երկայնքով, ինչպես նաև՝ միջազգային դատարաններում հայցերից երկկողմանի հրաժարմանը։