23 մայիսի 2025 - 17:32 AMT
Ազատի զինկացարանի հրդեհի գործով տուժող կողմը կասկածում է, որ վկան սկզբում ճիշտ տեղեկություն է տվել, հետո՝ փոխել

Ազատ գյուղի զինկացարանում զոհված 15 զինծառայողների քրեական գործով ընթացող դատական նիստի շրջանակում հարցաքննվել է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի տեղակալը։ Դատական նիստից հետո տուժածների շահերի պաշտպան Նորայր Նորիկյանն ասել է, որ այդ վկան դեպքի հենց հաջորդ օրը Հանրային հեռուստաընկերությամբ հանրությանը տվել է տեղեկատվություն, որ զոհված 15 զինծառայողներից 14-ը գտնվել են մահճակալների վրա, մեկ զինծառայող գտնվել է վառարանի մոտ։

Նրա խոսքով՝ «որոշ ժամանակ անց, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, նշված անձը, վարույթ իրականացնող մարմնում ցուցմունք տալով, էապես փոխել է իր ցուցմունքը, ասել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, այլ կերպ է հասկացել իրենց ստորաբաժանման ղեկավարի՝ իրեն տված տեղեկությունը։ Այսինքն, ընդունել է, որ սխալ տեղեկություն է հաղորդել հանրութանը», հայտնում է Panorama.am-ը։

Նորիկյանը շեշտել է, որ տուժող կողմը խորը կասկած ունի՝ ի սկզբանե տրամադրվել էր ճիշտ տեղեկատվություն, հետո, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, նշված անձի կողմից փոխվել է իր տեղեկության բնույթը։

Նա հավելել է. «Նշված վկայի ցուցմուքներից մեկ անգամ ևս պարզ դարձավ, որ պետական իրավասու մամինների կողմից համապարփակ, համակողմանի գործընթաց չի իրականացվել, տեղեկատվական հոսքերը պատճաշ կերպով չեն տնօրինվել»։

Փաստաբանը նաև նշել է, որ դատաքննությունն ընթացքի մեջ է, և այժմ անցել են մի փուլի, երբ սպասելիքներն ուղղված են մեղադրյալների վարքագծին։ Ըստ նրա՝ հատկապես Եղիշե Հակոբյանը պետք է ցուցաբերի վարք, որն ուղղված կլինի ճշմարտության բացահայտմանը։

Նա շարունակել է. «Սպասում ենք նշված վկաների, փորձագետների հարցաքննությանը, որից հետո տուժող կողմը մի շարք միջնորդություններ ունի ներկայացնելու»։

Նորիկյանի խոսքով՝ տուժողի կողմը որևէ դիրքորոշման փոփոխություն չի արձանագրել, և «նախկինում արված մեր բոլոր տեսակետները վերահաստատում ենք, հետամուտ ենք այս գործով ճշմարտությունը բացահայտվի, բոլոր իրական մեղավորները ենթարկվեն պատասխանատվության»։

2023 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել են 15 ժամկետային զինծառայողներ, ևս 7-ը տեղափոխվել են հոսպիտալ։