Հայաստանն ու Ադրբեջանը ցուցաբերել են փոխադարձ աջակցություն՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովներն իրենց երկրներում անցկացնելու հարցում։ Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է X սոցիալական հարթակում։
Հայաստանը կընդունի գագաթնաժողովը 2026–ի գարնանը, իսկ Ադրբեջանը՝ 2028–ին։
«Ես ողջունում եմ, գագաթնաժողովը 2028–ին Ադրբեջանում անցկացնելու որոշումը։ Կարևոր է ընդգծել, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցեցին միմյանց թեկնածությանը՝ ԵՔՀ գագաթնաժողովները հյուրընկալելու հարցում», - գրել է Փաշինյանը։
Ավելի վաղ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ 2026 թվականի գարնանը Հայաստանը կհյուրընկալի ԵՔՀ գագաթնաժողովը։
«Պատիվ է Եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներին ընդունել մեր երկրում, և շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջնորդներին այս որոշմանն աջակցելու համար», – նշել է վարչապետը։
Եվրոպական քաղաքական համայնքը միջկառավարական ձևաչափ է, որը միավորում է եվրոպական պետությունների ղեկավարներին՝ քննարկելու ռազմավարական բնույթի հարցեր, այդ թվում՝ անվտանգության, էներգետիկայի, միգրացիայի, ենթակառուցվածքների, ժողովրդավարության ու օրենքի գերակայության թեմաներով։ Այն ստեղծվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ՝ 2022 թվականին, նպատակ ունենալով ձևավորել ընդհանուր հարթակ երկխոսության համար՝ ԵՄ անդամների և հարևան երկրների միջև։
ԵՔՀ առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2022-ի հոկտեմբերին՝ Պրահայում։ Այդ գագաթնաժողովի շրջանակում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։