Նոր Նորքի թաղապետարանում ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծելու միջադեպի հետ կապված՝ քննիչը եզրահանգել է, որ Անի Խաչատրյանի «Հպարտացա իմ թիմով որպես հայ տղամարդիկ» արտահայտությունը հիմք չէ քրեական վարույթ սկսելու համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Անի Խաչատրյանը «Հանրապետություն կուսակցության անդամ է, որին անդամակցում է նաև Նոր Նորքի արդեն նախկին թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը։
Ըստ նրա, դա որևէ փաստական հիմնավորում չունի։
«Առանց որևէ փաստական հիմնավորման՝ քննիչը եզրահանգել է, որ Արթուր Չախոյանին ծեծելու դեպքով Անի Խաչատրյանի «Հպարտացա իմ թիմով որպես հայ տղամարդիկ» բառացի խայտառակությունը ոչ միայն բռնության հրապարակային արդարացում չէ, այլև քրեական վարույթ նախաձեռնելու հիմք էլ չէ»,- գրել է Երիցյանը։
Փաստաբանը հավելել է, որ քննիչներն անտեսում են, որ նման տասնյակ որոշումներ դատարաններն արդեն վերացրել են։
«Էնքանով որ կայացնում են՝ հույսով, որ չեն բողոքարկի»,–գրել է նա։
Նոր Նորքի թաղապետարանում մայիսի 30–ին տեղի ունեցած ծեծկռտուքից հետո քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ։Բռնության դեպքը տեղի է ունեցել թաղապետարանում հրավիրված հանրային քննարկման մեկնարկից առաջ, երբ բախում է տեղի ունեցել բլոգեր ու ակտիվիստ Արթուր Չախոյանի, թաղապետ Տեր-Մարգարյանի, նրա թիմակիցների և թաղապետարանի աշխատակիցների միջև։
Միջադեպից հետո վեց մասնակից է ձերբակալվել, սակայն նրանց թվում չի եղել Տիգրան Տեր-Մարգարյանը; Չախոյանը, որը նույնպես ձերբակալվել էր, ավելի ուշ ազատ է արձակվել, սակայն դեռևս հիվանդանոցում է։