ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը Մոսկվայում կազմակերպված «Հայաստանի ներքին իրավիճակը և դրա ազդեցությունը երկրի միջազգային քաղաքականության վրա» թեմայով ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանի կողմից արևմտյան երկրներից գնված զինտեխնիկայի գրեթե 90 տոկոսը տեխնիկական կամ այլ բնույթի պատճառներով օգտագործման ենթակա չէ։
«Իմ տեղեկություններով` այն ամենը, ինչ նրանք (իշխանությունները. խմբ.) գնել են, չեմ ուզում նշել երկրները, որպեսզի չնեղացնեմ նրանց, մոտ 90%-ը տարբեր պատճառներով ենթակա չէ օգտագործման։ Որոշները օգտագործման ենթակա չեն տեխնիկական պատճառներով: Գնել են հրետանային հրանոթ, իսկ դրանց համար արկեր՝ ոչ, քանի որ այնտեղ այլ չափանիշներ են», - ասել է Կարապետյանը, գրում է Sputnik Արմենիան։
Նրա գնահատմամբ՝ արևմտյան արտադրության արկերի կիրառումը շատ ավելի բարձր արժեք ունի, քան ռուսական զինամթերքը, և Հայաստանի տնտեսությունը նման ծախսերի պատրաստ չէ։
Հայաստանը պաշտպանական ոլորտում ակտիվ համագործակցություն է ծավալում Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ։ Երևանը սկսել է Փարիզից ռազմական օգնություն ստանալ 2023 թվականին։ 2024 թվականի հունիսին Սեբաստիան Լեկորնյուն հայտնել էր՝ Փարիզն ու Երևանը ստորագրել են CAESAR տեսակի թնդանոթների ձեռքբերման վերաբերյալ պայմանագիր։ Դրանից առաջ հայտնի էր դարձել, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու ֆրանսիական KNDS ընկերությունը կնքել են ռազմատեխնիկական փոխգործակցության համաձայնագիր։