24 մայիսի 2025 - 13:22 AMT
Գրիգորյանը չի մեկնի Մոսկվա՝ անվտանգության համաժողովին․ ՀՀ–ն կներկայացնի դեսպանը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի մայիսի 27-29-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք Անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպմանը։

«Մայիսի 28-ին, Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներին մասնակցելու պատճառով ՀՀ ԱԽ քարտուղարը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք հանդիպմանը»,- հայտնեցին ԱԽ գրասենյակից։

Մոսկվայում անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպմանը Հայաստանը կներկայացնի դեսպան Գուրգեն Արսենյանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով դեսպանատանը։

«Կլինի ներկայացուցիչ Հայաստանից։ Հայաստանը կներկայացնի դեսպանը», – ասել են Մոսկվայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունից։

Անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում 2025 թվականի մայիսի 27-29-ը՝ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ։