ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտարարել է, որ Քոչարյանը խոսել է փաստերի մասին, երբ երրորդ նախագահի թիմից սկսվել են ինչ-որ բաներ շրջանառվել, որոնք «իրականության հետ աղերս չունեին, ավելին, շոշափում էին նախագահ Քոչարյանի՝ իբր թե ասված ինչ-որ խոսք»։ Այդ մասին Միկոյանն ասել է «5–րդ ալիքին» տված հարցազրույցում։
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի տարաձայնություններին՝ նա ասել է․ «Մի անգամ չլսեցինք ասեն՝ Քոչարյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք։
Լրագրողը նշել է, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ արդյո՞ք հերոսություն է 1 տարի նստելը՝ ի պատասխան Քոչարյանի կողմնակիցների այն դիտարկումներին, որ եթե Նիկոլ Փաշինյանը մերժեց Սերժին, ինչու նստեցրեց Քոչարյանին, գրում է Aysor.am-ը։
Միկոյանը պատասխանել է. «Նախագահ Քոչարյանի կամ իր ընտանիքի կողմից երբևէ չի ասվել նման բան։ 2018թ.–ին նախագահ Քոչարյանը, շատ լավ իմանալով, որ իրեն կալանավորելու են, վերադարձել է Հայաստան, առերեսվել ամբողջ բռնաճնշումների հետ, կալանավորվել է և պայքարել, այսօր մենք ունենք արդյունք և քաղաքական առումով ավելի լավ արդյունք ենք ունենալու։ Իսկ նստելը հերոսություն է, հերոսություն չի, շատ արհեստական բերեց մտցվեց՝ հղում անելով կողմնակիցներին, բայց դա հանրային բարձր քաղաքական դիսկուրս պետք չի բերել։ Ավելին՝ նախագահ Քոչարյանը կալանավորվել է ուրիշների արած սխալների հետևանքով ևւ պատճառով։ Կալանքի ընթացքում նախագահ Քոչարյանը նույնիսկ ցուցմունք չի տվել։ Տղամարդիկ սա շատ ավելի լավ կհասկանան, երբ քեզ վրա կա երկարատև կալանքի վտանգ ու դու որևւէ ցուցմունք չես տալիս։
Հերոսությունը չգիտեմ՝ ոնց է չափվում, բայց նախագահ Քոչարյանի արածը պետական այրի, երկու հայկական պետություներ ղեկավարած մարդու, իր ներքին համոզմունքներից բխող արարք է, որը հերոսության պիտակի կարիք չունի։ Դա պետական այրի պահվածք է։ Մի բան հաստատ գիտենք՝ հերոսություն չի Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվելը, հերոսություն չի Նիկոլ Փաշինյանից փախչելը։ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքից որևէ մարդ ոչ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել է, ոչ առավել ևս փախել է»,- ասել է Միկոյանը։
Այն հարցին, թե ի վերջո, ի՞նչ չեն կարողանում կիսել երկու նախագահները, Քոչարյանի գրասենյակի ղեկավարը պատասխանել է, որ ի սկզբանե երկու նախագահները տարբեր են եղել՝ իրենց մոտեցումներով, կառավարման տիպով.։
«2008թ.–ից սկսած՝ նախագահ Քոչարյանը անդրադարձել է տարբեր թեմաների՝ ֆուտբոլային դիվանագիտությանը, որ տեսանք՝ ինչ եղավ, կարմիր գծերին, արագաչափերին, սահմանադրական փոփոխություններին, տնտեսական բազմաթիվ հարցերի, քննադատել է՝ առաջարկելով լուծումներ։ Մի անգամ չլսեցինք ասեն՝ Քոչարյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք։ Հաջորդ որևէ քաղաքական գործընթացում ընտրողներն իրենց գնահատականը կտան»,–ասել է նա։
Միկոյանը նաև նշել է, որ 3–րդ նախագահի ճեպազրույցից դժվար չէ հասկանալ, որ իմպիչմենտի գործընթացի հովանավորը Սերժ Սարգսյանն է։
«Առնվազն տասնյակ անգամ անլուրջ էր 2021 թվականին ընտրությունների չգնալը: Ասում են՝ ընտրություններին Նիկոլին չի լինի հաղթել, այսինքն Նապոլեոնին, Կեսարին, Չերչիլին կարելի է հաղթել, Նիկոլին չի՞ կարելի հաղթել, շատ չե՞ք գովում Նիկոլին։ Վիլեն Գաբրիելյանից ավելի «կաթոլի՞կ» են, թիմակից, որն ամբողջ խոհանոցը, ներքին տրամադրությունները գիտի։ Ուզում եք՝ անվստահության գործընթաց, խնդրեմ՝ փողոց, թեկնածու, առաջ, չէ՝ պատրաստվեք ընտրությունների»,–ասել է Միկոյանը։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցին, ասել է, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից իրեն թիրախավորելու գործընթացը սկսվել է դեռևս 2008 թվականից, ոչ թե 2018-ից, ինչպես որոշ շրջանակներում ենթադրվում է։
Քոչարյանն իր հարցազրույցում ասել է, որ ՀՀԿ-ն իշխանություն է դարձել իր նախագահության ժամանակ․ «Մեծ հարց է, թե ո՞վ է ում թիկունք կանգնել կայացման համար։ Նույնիսկ բարոյականության հարց է նման բան հնչեցնելը։ Եթե հարց առաջանա, որ այս իշխանություններից ազատվելու համար անհրաժեշտություն լինի կոալիցիա կազմել, չեմ կարծում, որ այլընտրանք ենք ունենալու։ Բայց միասին ընտրության գնալու հնարավորությունը չեմ տեսնում»։