Ադրբեջանցիները Մարտունիում ոչնչացրել են Գարեգին Նժդեհի արձանը։
Ադրբեջանում գործող Կովկասի պատմության կենտրոնի տնօրեն Ռիզվան Հուսեյնովը 2025 թվականի մայիսի 17-ին իր տելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութում իր իսկ մեկնաբանությամբ ու մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որտեղ hայտնում է Գարեգի Նժդեհի հուշարձանի ոչնչացման մասին՝ ներկայացնելով հերոսին «որպես Ֆաշիստ, իսկ հուշարձանի ոչնչացումը որպես հերոսություն»։ Հուսեյնովը նշում է նաև ՀՀ և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանի ոչնչացման մասին, հայտնում է Monument watch-ը։
Ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշարձանը գտնվում էր Արցախի Մարտունի քաղաքում։ Այն քանդակվել էր քանդակագործ Արմեն Պետրոսյանի կողմից և տեղադրվել 2020 թվականի սեպտեմբերի 26-ին։
Նշվում է, որ Գարեգին Նժդեհի արձանի վերացումը տեղի է ունեցել «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի և դրա 1999 թվականի լրացուցիչ երկրորդ արձանագրության պահանջների կոպիտ խախտմամբ։
Բացի այդ, արձանի ոչնչացումը հակասում է նաև Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ին կայացված պարտադիր ուժ ունեցող որոշմանը, որով Ադրբեջանին հանձնարարվել է կանխել և պատժել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող պղծման և ոչնչացման գործողությունները։ Դատարանի վճիռը ընդգրկում է ոչ միայն կրոնական կառույցներն ու պաշտամունքի վայրերը, այլև հուշարձանները, պատմամշակութային տարածքներն ու գերեզմանատները՝ վերաբերելով նաև արտեֆակտներին։
Այս գործողությունը խախտում է նաև Միջազգային մարդասիրական իրավունքի 38-ից 41-րդ կանոնները, որոնք ուղղված են մշակութային ժառանգության պաշտպանությանն ու ռազմական կոնֆլիկտների ընթացքում դրանց անառիկության երաշխավորմանը։
Արդարադատության միջազգային դատարանի հաստատմամբ՝ օկուպացված տարածքներում կիրառվող նորմերը՝ մշակութային արժեքների պահպանության վերաբերյալ, միջազգային սովորութային իրավունքի կարգավիճակ են ստացել։ Սա նշանակում է, որ դրանք համընդհանուր ուժ ունեցող կանոններ են՝ պարտադիր բոլոր պետությունների համար՝ անկախ կոնկրետ իրավական պարտավորությունների ձևից կամ ծագումից։