Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն խնդրահարույց է համարում օրենքների նախագծերի այն կարգավորումները, որոնցով առաջարկվում է 18 կամ 24 միլիոն դրամ վճարելով` զինվորական ծառայություն անցնել համապատասխանաբար 4 կամ 1 ամիս ժամկետով։
Պաշտպանի գրասենյակը վերջին օրերին ստացել է մեծ քանակությամբ բողոքներ քաղաքացիներից՝ վերաբերող նշված առաջարկներին։
«Նախագծային կարգավորումները կարող են լուրջ սոցիալական շերտավորում ձևավորել անձանց գույքային դրությամբ պայմանավորված փաստացի հանդիսանալով նաև խտրականության արգելքի սկզբունքի խախտում։
Ընդ որում, 1 կամ 4 ամիս ծառայություն կարող են անցնել այն քաղաքացիները, ովքեր ի վիճակի են վճարել համապատասխանաբար 24 կամ 18 միլիոն դրամ, իսկ այն քաղաքացիները, ովքեր չեն կարող վճարել այդ գումարը, սահմանադրական պարտականությունը պետք է կատարեն ավելի երկար ժամկետով՝ 24 ամիս: Արդյունքում, ստացվում է, որ նույն կարգավիճակում գտնվող անձանց ցուցաբերվում է տարբերակված մոտեցում, իսկ նախագծի հիմնավորումները որևէ կերպ չեն վկայում այն մասին, որ այդպիսի տարբերակումն ունի օբյեկտիվ հիմնավորում ու մարդու իրավունքների չափանիշներին համապատասխանող նպատակ:
Առաջարկվող կարգավորմամբ՝ ստացվում է, որ որոշակի խումբ զինծառայողների նկատմամբ գումարի դիմաց դրսևորվում է ավելի բարենպաստ վերաբերմունք (ծառայության ժամկետը կրճատվում է), քան մյուս զինծառայողների, ովքեր գումարը չեն վճարել:
Գումարի դիմաց պակաս ժամկետով ծառայելը հանգեցնելու է սահմանադրական և օրենսդրական պարտականության անարդարացի բաշխման. սոցիալապես ապահովված զինծառայողներին հնարավորություն է տրվելու ծառայություն անցնել ավելի կարճ ժամկետով, իսկ այն զինծառայողները, ովքեր սահմանված չափի գումար չունեն՝ ծառայելու են ավելի երկար ժամկետով: Սոցիալական արդարության տեսանկյունից նման մոտեցումը չի կարող ընդունելի համարվել:
Զինծառայողները պետք է զերծ լինեն մարդու իրավունքների և ազատությունների հետ կապված ցանկացած հիմքով խտրականությունից: Ավելին, անթույլատրելի է անձանց որոշակի արտոնություններ տրամադրելը պայմանավորել միայն գույքային դրությամբ՝ կոնկրետ դեպքում 18 կամ 24 միլիոն դրամ վճարելու հնարավորություն ունենալու հանգամանքով»,- ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ նախագծով առաջարկվող կարգավորումները ռիսկեր են պարունակում նաև բանակում ամուր կարգապահության ապահովման տեսանկյունից։
«Տվյալ պարագայում հարց է առաջանում՝ արդյոք գնահատվե՞լ են ռիսկերը, թե ինչպես է ապահովվելու ամուր ու բարձր մակարդակի կարգապահություն այն զինծառայողների շրջանում, որոնց մի մասը մյուսների համեմատ միայն գումար վճարելու դիմաց արտոնություն է ստանալու և ծառայություն է անցնելու ավելի պակաս ժամկետով:
Արդյոք դա չի՞ հանգեցնելու զինվորների շրջանում ներքին հակասությունների ու կոնֆլիկտների և ոչ կանոնադրային հարաբերությունների խորացման:
Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է հարցը դիտարկել սահմանադրական և պետության ստանձնած միջազգային պարտավորությունների հաշվառմամբ, ինչպես նաև նախագծային առաջարկվող կարգավորումների շուրջ իրականացնել առավել լայն հանրային քննարկումներ։ Ավելին, Պաշտպանն առաջարկում է հիմնավորումներում ներկայացված խնդիրները պետության կողմից լուծել այլ` համաչափ միջոցներով՝ պետության անվտանգության և մարդու իրավունքների ճիշտ հարաբերակցությամբ»,- նշվում է ՀՀ ՄԻՊ-ի հայտարարության մեջ։
Ըստ հաղորդման՝ Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստվում է իր մտահոգությունների ամբողջական փաթեթը փոխանցել համապատասխան պետական կառույցներին՝ մանրամասն պարզաբանումների համար։
ՊՆ-ն քննարկել է զինծառայության մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ ՔՊ–ական պատգամավոր Սարգսյանի նախաձեռնությունն ու մի քանի փոփոխություններ արել՝ ձևակերպվելով հետևյալ առաջարկությունները՝ կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում՝ 24 միլիոն դրամ, 4 ամսվա դեպքում՝ 18 միլիոն դրամ»: Պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիք կնախատեսվի 32 տարեկանը։ Օրենքի նախագիծն ուժի մեջ կմտնի Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո։