ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հորդանանի թագավորին ուղղված ուղերձում վերահաստատել է պաշտոնական Երևանի աջակցությունը տարածաշրջանային խաղաղության հաստատմանը։
Նա շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ բին Ալ-Հուսեյն Ալ Հաշիմիին՝ երկրի անկախության 79-րդ տարեդարձի առթիվ։
Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հորդանանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի կապակցությամբ։
Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ հանձնառությունը՝ փոխգործակցել Ձեզ հետ երկկողմ հարաբերությունների օրակարգը հարստացնելու և քաղաքական երկխոսությունն ավելի խորացնելու ուղղությամբ։
Հայաստանն ուշադիր հետևում և աջակցում է Մերձավոր Արևելքում երկարատև ու կայուն խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին։
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ բարեկեցություն և հաջողություն, իսկ Հորդանանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և զարգացում»։