Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովում, որն իր աշխատանքն է սկսել մայիսի 26–ին, հայտարարել է, որ եթե ՍԴ–ն որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում Սահմանադրությանը, ինքը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ։
«Խաղաղության գործընթացն ու խաղաղության պայմանագիրը չպետք է բաց թողնվեն»,- ասել է վարչապետը, հայտնում է Aysor.am-ը։
Փաշինյանը նշել է, թե հասարակությանը կհամոզեն, որ այդ փոփոխությունն արվի, որպեսզի Հայաստանը հասնի տևական խաղաղության։
«Բայց, եթե ՍԴ-ն որոշի, որ պայմանագիրն ամբողջովին համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը, ապա, այդ պարագայում որևէ խոչընդոտ չի լինի փաստաթուղթն Ազգային ժողով ուղարկելու ճանապարհին»,- նշել է վարչապետը։
Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: