26 մայիսի 2025 - 10:56 AMT
Գումարի դիմաց 1 կամ 4 ամիս բանակում ծառայելու նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովում չեղարկվել է

Գումարի դիմաց կարճ ժամկետով (1 կամ 4 ամիս) զինծառայություն անցնելու մասին նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովում չեղարկվել է, հայտնում է Aysor.am-ը։

Նախագիծը պետք է դեռ լրացուցիչ նորից քննարկվի, որից հետո նոր միայն կքննարկվի ԱԺ պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը տարակուսանք է հայտնել այսօրվա չեղարկման որոշման կապակցությամբ՝ նկատելով, որ պաշտպանության նախարարն արդեն ԱԺ էր ժամանել։

«Հանրային մեծ ընդվզում կա։ Մենք հետամուտ ենք լինելու, որ այս հարցն ընդմիշտ Հայաստանի օրակարգից դուրս բերվի»,- նշել է Մանուկյանը։

Իսկ նախագծի հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ընդգծել է, որ հասարակության լայն շերտեր մեծ ակնկալիքներ ունեն նախաձեռնությունից։

«Շատերը սպասում են օրենքի նախագծի ընդունմանը, ինչն իր հետ բերելու է ներգաղթ, արտագաղթի կանխում»,- ասել է պատգամավորը։

ՔՊ-ականը ցավում է, որ նախագծի քննարկումը չեղարկվեց, հույս ունի՝ մինչև առաջիկա զորակոչը օրենքը կընդունվի երկու ընթերցումներով։

ՄԻՊ–ը խնդրահարույց է համարում օրենքների նախագծերի այս կարգավորումները՝ նշելով, որ դրանք կարող են լուրջ սոցիալական շերտավորում ձևավորել անձանց գույքային դրությամբ պայմանավորված՝ փաստացի հանդիսանալով նաև խտրականության արգելքի սկզբունքի խախտում։

Առաջարկվող կարգավորմամբ՝ ստացվում է, որ որոշակի խումբ զինծառայողների նկատմամբ գումարի դիմաց դրսևորվում է ավելի բարենպաստ վերաբերմունք (ծառայության ժամկետը կրճատվում է), քան մյուս զինծառայողների, ովքեր գումարը չեն վճարել: Գումարի դիմաց պակաս ժամկետով ծառայելը հանգեցնելու է սահմանադրական և օրենսդրական պարտականության անարդարացի բաշխման»,–ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ։