26 մայիսի 2025 - 12:34 AMT
Միրզոյան․ Հայաստանի տեսլականը պարզ է՝ կարգավորել հարաբերությունները մեր երկու հարևանների հետ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսություն» 2025 միջազգային ֆորումի բացման խոսքում հայտարարել է, որ Հայաստանը հստակորեն ընտրել է առաջ շարժվելու ուղին՝ հաղթահարել առճակատումը և խթանել համագործակցությունը, ավելի լավ կապակցվածությունը և կայուն տնտեսական աճը, ավելացնել հարմարվողականությունը և նորարարությունը, ամրապնդել ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը՝ կենտրոնանալով մարդկային կապիտալի զարգացման վրա:

Նա հավելել է, որ Հայաստանի տեսլականը պարզ է՝ կարգավորել հարաբերությունները մեր երկու հարևանների հետ:

«Մեր տարածաշրջանում մենք կայացնում ենք որոշիչ ընտրություն՝ կառուցելու ապագա, որը ձևավորված չէ անցյալի ցավերով, այլ լավատեսությամբ և հույսով լի տեսլականով՝ խարսխված իրական հնարավորությունների վրա:

Պատմությունը հայտնի է: Այն չի կարող մոռացվել: Այն չի կարելի վերաշարադրել, այդ թվում՝ կեղծ խոսույթի միջոցով, որը ոմանք կարող են փորձել առաջ տանել։ Թեև սպիերը մնում են, և ապաքինումը շարունակվում է, մենք պետք է առաջ շարժվենք դեպի ավելի լավ ապագա։

Այդուհանդերձ, մենք գիտենք, որ խաղաղությունը հեշտությամբ հասանելի նպատակ չէ։ Այն շարունակական գործընթաց է, որն առաջ է մղվում համարձակ դիվանագիտության, փոխընբռնման և վստահության կառուցման միջոցով։

Հայաստանի տեսլականը պարզ է՝ կարգավորել հարաբերությունները մեր երկու հարևանների հետ՝ միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության լիակատար հարգմամբ և փոխադարձ տարածքային պահանջների բացառմամբ, և խորացնել ավանդաբար բարեկամական հարաբերությունները մյուսների հետ»,–ասել է նա։

Նա հավելել է, որ Հայաստանը շարունակում է հաստատակամ մնալ իր գործընկերություններն ամրապնդելու գործում նաև տարածաշրջանից անդին։

«Մենք հաստատել ենք ամուր և ռազմավարական գործընկերություններ՝ Միացյալ Նահանգներից մինչև Եվրոպա և Ասիա։ Միևնույն ժամանակ, մենք ակտիվորեն խթանել ենք ընդլայնված, ավելի լայն փոխկապակցվածությունը՝ ճանաչելով մեր երկրի եզակի դիրքը քաղաքակրթությունների և առևտրի իրական խաչմերուկում։

Մենք նույնքան հանձնառու ենք նպաստելու ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու գլոբալ ջանքերին: Հայաստանի՝ Կենսաբազմազանության հարցերով համաժողովը՝ COP17-ը, Երևանում անցկացնելու հաջողված հայտը, ինչպես նաև վերջերս հայտարարված Եվրոպական քաղաքական համայնքի՝ 2026 թվականի գարնանը կայանալիք գագաթնաժողովը, արտացոլում են մեր պատասխանատվությունն ու ներգրավվածությունը միջազգային ասպարեզում»,–ասել է Միրզոյանը։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: