26 մայիսի 2025 - 12:47 AMT
Փաշինյան․ Գնացքները կարող են գալ, անցնել վերահսկողություն և հասնել մինչև Նախիջևան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է նաև ապաշրջափակման հարցին՝ հայտարարելով, որ Ադրբեջանից գնացքները կարող են գալ, անցնել անձնագրային, սահմանային վերահսկողություն և հասնել մինչև Նախիջևան և հակառակ ուղղությամբ։

«Սա Հայաստանի առաջարկներից մեկն է՝ ապահովելու կապակցվածություն Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական մասի միջև»,–ասել է նա, գրում է Radar.am-ը։

Վարչապետը նշել է, որ Հայաստանի համար շատ կարևոր է համանման կապակցվածություն ունենալ:

«Ադրբեջանից Ադրբեջան (նկատի ունի՝ Նախիջևան) Հայաստանի տարածքով և Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով․ պետք է հարգվի երկրների տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը»,-ասել է նա։

Փաշինյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի սահմանադրության հետ կապված հարցին.

«Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ կան Հայաստանի հանդեպ որոշ տարածքային պահանջներ։ Բայց մենք այդ հարցը առանձին չենք բարձրացրել, քանի որ համարել ենք՝ պայմանագրի համաձայնեցված տեքստում այդ խնդիրը կհասցեագրվի։ Մեր մոտեցումը սա է»,- նշել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31–ի ասուլիսում հայտարարել էր, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանը հստակ առաջարկներ է արել Ադրբեջանին և սպասում է դրանց պատասխանին։ Ըստ նրա՝ էժան և իրատեսական տարբերակը Մեղրիի երկաթուղիով Ադրբեջանից Նախիջևան և հակառակ ուղղությամբ տարբերակն է։ Նա նաև առաջարկել է երկաթուղային հաղորդակցություն Երասխից Նախիջևանի տարածքով Մեղրի և հակառակ ուղղությամբ։