Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, ելույթ ունենալով «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովին, շնորհավորել է Հայաստանին և վարչապետին միջոցառման հաջող կազմակերպման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այն կարևոր հարթակ է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ նշանակության հարցերի քննարկման համար:
Նա հայտարարել է, որ Սլովակիան վճռականորեն աջակցում է Հայաստանի և ԵՄ-ի միջև ավելի սերտ հարաբերություններին։ Սլովակիան պատրաստ է կիսել իր փորձը՝ շուկայական և սոցիալական բարեփոխումներից մինչև ԵՄ-ի և Հայաստանի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և վիզաների ազատականացման երկխոսության ներուժի լիարժեք իրացում։
Ֆիցոն անդրադարձել է Սլովակիայի կառավարության արտաքին քաղաքական հիմնական ուղղություններին՝ ընդգծելով երկրի դերը համաշխարհային համագործակցության համատեքստում, ինչպես նաև խաղաղության հաստատմանն ու Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված իրենց նախաձեռնությունները, հայտնում է 1lurer.am-ը։
«Սլովակիայում արդյունաբերությունը մեր տնտեսության ողնաշարն է։ Որոշ գնահատականներով՝ Սլովակիայում 20,000 աշխատատեղ կարող է վտանգվել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի սրման դեպքում։ Այդ պատճառով մենք պետք է ակտիվացնենք առևտրային հարաբերությունները ազատ առևտրով հետաքրքրված երկրների հետ և դիվերսիֆիկացնենք մեր արտահանման ուղղությունները»,- ասաց նա։
Այնուհետև վարչապետ Ֆիցոն խոսել է հայ-սլովակյան հարաբերությունների մասին՝ ընդգծելով երկկողմ համագործակցության խորացման անհրաժեշտությունը և ոլորտները, որտեղ առկա է փոխշահավետ զարգացումների ներուժ։
«Թույլ տվեք մի քանի խոսք ասել Սլովակիայի և ձեր գեղեցիկ երկրի հարաբերությունների մասին։ Մեր երկրները բարեկամական երկկողմ հարաբերություններ ունեն։ Մենք ունենք ամուր քրիստոնեական ժառանգություն։ Հայաստանը Սլովակիայի հիմնական առևտրային գործընկերն է այս տարածաշրջանում, և մեր առևտուրը աճում է։ Ցանկանում եմ լրացուցիչ խթան հաղորդել մեր առևտրի ընդլայնմանը, մասնավորապես՝ ատոմային էներգիայի, ավտոմոբիլային, պաշտպանության և զբոսաշրջության ոլորտներում։ Ես հավատում եմ, որ այսօր, պար՛ոն վարչապետ, մենք շատ ժամանակ կունենանք քննարկելու այս բոլոր ասպեկտները և համագործակցության հեռանկարները։
Մենք կշարունակենք աջակցել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությանը, քանի որ դրա արժեքավորությունը բազմիցս ապացուցվել է։ Սլովակիան միացել է Կոսովոյում ՆԱՏՕ-ի KFOR խաղաղապահ առաքելությանը, և սա մեր երկու երկրի միջև սերտ համագործակցության ևս մեկ հնարավորություն է։ Բարձր ենք գնահատում Հայաստանի ներդրումը Արևմտյան Բալկանների կայունության գործում։
Եզրափակելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետին՝ Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության համաձայնության հասնելու ջանքերում ձեր առաջնորդության համար։ Կրկին շնորհակալություն այն օգտակար տեղեկատվության համար, որը ներկայացրեցիք մեզ։ Այս տարվա սկզբին արված հայտարարությունը [պայմանագրի վերջնականացման մասին] վճռական քայլ է տարածաշրջանում երկարատև խաղաղության և անվտանգության ուղղությամբ։ Կարևոր է պահպանել այս ընթացքը և ապահովել գործընթացի սահուն ավարտը։ Խաղաղ կարգավորումը հզոր ուղերձ կլինի Եվրոպային, որ հակամարտությունը կարող է լուծվել դիվանագիտական ջանքերով»,- ասել է Ֆիցոն։
Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն էր տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Սակայն ԵՄ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ուղղել Հայաստանին՝ անդամակցության վերաբերյալ, իսկ ընդդիմադիր ուժերը փաստաթուղթը անվանել են իրավական առումով անհեթեթ։ ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս հայտարարել է, որ Հայաստանը չի կարող «նստել երկու աթոռի վրա» և ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։