26 մայիսի 2025 - 15:14 AMT
Գրիգորյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկը»

«Երևանյան երկխոսություն» համաժողովի ընթացքում՝ «Հարավային Կովկասը՝ ռազմավարական հանգույց. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով պանելային քննարկման ժամանակ, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը տնտեսական նախագիծ է, որի նպատակն է ապաշրջափակել Հարավային Կովկասի տարածաշրջանի հաղորդակցությունները, տարածաշրջանում փոխկապակցվածություն ստեղծել, մեծացնել փոխկապվածությունը՝ խթանելու համար տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը։

«Հայաստանի կառավարությունն այս առաջարկը ներկայացրել է տարածաշրջանային երկրներին, ինչպես նաև գլոբալ համայնքին՝ ներգրավվել այս նախագծում, ինչը բարգավաճում և կայունություն բերելու մեծ հնարավորություններ ունի։ Խաղաղության գործընթացն ունի շատ կոմպոնենտներ, և դրանցից մեկը տարածաշրջանային երկրների միջև տնտեսական փոխհարաբերությունն է, բայց նաև, ինչպես ես նշեցի, նախագիծը հնարավորություն է տալիս, որպեսզի այլ երկրները ևս ներգրավված լինեն գործընթացում»,–ասել է նա, հայտնում է Արմենպրեսը։

Նա շեշտել է, որ Հայաստանի համար առաջնային է, որպեսզի ապաշրջափակման գործընթացն ընթանա տարածաշրջանի երկրների ինքնիշխանության ու իրավազորության հիման վրա, ինչը էական նշանակություն ունի խաղաղության տեսանկյունից։

«Ապաշրջափակման կոնտեքստում մենք շատ կարևոր ենք համարում հավասարության և փոխադարձության սկզբունքները, որովհետև սրանք են հիմնական սկզբունքները, որոնք հնարավորություններ են ստեղծում բոլորի, ոչ թե առանձին երկրների համար։ Հիմա Հայաստանը իրականացնում է շատ ծրագրեր, որոնք Խաղաղության խաչմերուկի մաս են։

Օրինակ, Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումը, որը շատ կարևոր է փոխկապակցվածության առումով, բայց նաև Հայաստանի ենթակառուցվածքների զարգացում է ենթադրում։ Հայաստանի կառավարությունը վերջին մի քանի տարիների ընթացքում ինտենսիվորեն ներդրումներ է անում ՀՀ ենթակառուցվածքների մեջ՝ բերելով դրանք այնպիսի մակարդակի, որպեսզի դրանք տարածաշրջանային ենթակառուցվածքներին փոխկապակցվելու հնարավորություն ունենան։ Մենք հրավիրում ենք տարածաշրջանային երկրների և գլոբալ համայնքին ներգրավվել այս գործընթացում և ներդրում անել տարածաշրջանում խաղաղության մեջ»,–ասել է ԱԽ քարտուղարը։

Կառավարությունը մշակել և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները և էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնցով անցնում են։