26 մայիսի 2025 - 15:37 AMT
Նախարար․ Ֆրանսիան ցանկանում է ֆորմալացնել ՀՀ հետ ռազմավարական հարաբերությունները

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն Երևանում իր հայ պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ֆրանսիան և Հայաստանը պատրաստ են հարաբերությունները տեղափոխել ռազմավարական գործընկերության մակարդակ, ասել է, որ երկու երկրների միջև հարաբերություններն արդեն իսկ ռազմավարական բնույթ ունեն՝ հաշվի առնելով առկա բազմապիսի համագործակցությունները։

«Իմ գործընկեր Արարատի հետ մտադիր ենք նախապատրաստելու ռազմավարական գործընկերություն, որը ավելի ֆորմալ բնույթ կհաղորդի արդեն գոյություն ունեցող հարաբերություններին, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում»,- ասել է ֆրանսիացի նախարարը, հայտնում է Aysor.am-ը։

Արարատ Միրզոյանը համաձայնել է Հայաստան-Ֆրանսիա համագործակցության մասին հայտարարություններին։

«Ինչպես արդեն ասվեց, մենք կաշխատենք այն ուղղությամբ, որ մեր խորը համագործակցությունը նաև փաստաթղթային ձևակերպմամբ ճիշտ անունները և որակավորումները կրի»,–ասել է նա, հայտնում է «Ազատությունը»։

Նախարարը հայտնել է, որ Ֆրանսիան պատրաստվում է Գորիսում հյուպատոսական գործակալություն բացել:

Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն ստորագրել են «Մտադրությունների մասին» հռչակագիր։ Համատեղ ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Ավելի վաղ Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են կնքել։ ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։