«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ ԶՊՄԿ-ն, 4․7 մլրդ դրամ է պահանջում հունվարի 31-ից մինչև փետրվարի 10-ը տեղի ունեցած գործադուլին մասնակցած 8 նախկին աշխատակցից` որպես պատճառված վնասի փոխհատուցում։
Քաղաքացիական հայցը քննվելու է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, հայտնում է ՍիվիլՆեթը։
«Դատալեքս» տեղեկատվական հարթակի տվյալներով՝ կոմբինատը նաև պահանջել է վերոնշյալ ութ անձանցից բռնագանձել պետական տուրքի համար նախապես վճարված 25 միլիոն դրամը, ինչպես նաև 2․5 միլիոն դրամ՝ փաստաբանի խելամիտ վարձատրության հատուցման համար։
Հրայր Խաչատրյանը, ով ներկայացնում է գործադուլին մասնակցած աշխատակիցների իրավունքներն ու շահերը, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ 4․7 միլիարդ դրամի չափով արգելանք է դրվել այդ ութ անձանց գույքի վրա՝ բացառությամբ բանկային հաշիվների։ Նա հավելել է, որ նույն աշխատակիցները դատարաններ են դիմել նաև՝ պահանջելով իրենց վերականգնել աշխատանքի։
Ըստ փաստաբանի՝ կոմբինատը շարունակել է գործել գործադուլի ընթացքում՝ շնորհիվ հազարավոր աշխատակիցների, ովքեր չեն միացել բողոքին և պահպանել են ընկերության աշխատանքային ռիթմը։
Գործադուլավորները պահանջում էին աշխատավարձերի բարձրացում՝ միջինում 120-150 հազար դրամով, հատկապես այն բաժիններում, որտեղ աշխատողները ներգրավված են արտադրական գործընթացներում և ստանում են համեմատաբար ցածր վարձատրություն։
Փետրվարի 10-ին գործադուլը դադարեցվել է. մասնակիցները հայտարարել են, որ համաձայնության են հասել ԶՊՄԿ ղեկավարության հետ՝ բարձրացված հարցերը լուծելու վերաբերյալ։